ՌԱԴԻՈ

Առուշանյան. «Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի բացառում, որ առաջիկայում կլքի հարազատ կուսակցությունը։
Sputnik
Առուշանյան. «Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը չի մասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։ Այսօր նա այս մասին ասաց լրագրողներին` հայտարարելով, որ չի պատրաստվում ներկայացնել իր թեկնածությունը։ Փոխարենը չբացառեց, որ կարող է լքել հարազատ կուսակցության` ՀՀԿ–ի շարքերը։

«Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»,– ասաց Առուշանյանը` պատասխանելով սպասվող հրաժարականի ժամկետի մասին հարցին։ Նա նաև ավելացրեց, որ կուսակցական տոմսից հրաժարվելուց հետո այլ կուսակցության, այդ թվում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մտադրություն չունի։

Թե ինչն է կուսակցությունից հրաժարվելու պատճառը, քաղաքապետը չցանկացավ։ «Ուղղակի այդպես եմ ուզում»,– ասաց նա։

Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին լուրերին։ Նա չհերքեց, որ հրավիրվել է ոստիկանություն` հարցաքննության, բայց հերքեց, որ ծեծել է ավագանու անդամին։

Կփրկե՞ն արդյոք ընտրությունները ՀՀԿ-ին փլուզումից

«Այո՛, հարցաքննվել եմ, բայց նման բան չի եղել։ Նման հարց ինձ ուղղել են, բայց չկա նման բան, ես էլ ոստիկանությանը ներկայացրել եմ»,– ասաց Առուշանյանը։

Թե ինչ կարգավիճակով է հրավիրվել քննչական մարմին, Գորիսի քաղաքապետը չասաց` հորդորելով տեղեկանալ ոստիկանությունից։ Թե ովքեր են եղել իր դեմ ցուցմունք տվողները, նշեց, որ տեղյակ չէ։

Հիշեցնենք` մամուլում առկա տեղեկությունների համաձայն` Գորիսի ավագանու նիստի ժամանակ վեճ է ծագել այն բանից հետո, երբ ավագանու անդամը քաղաքապետին հիշեցրել է մանկապարտեզների բուժքույրերի դրույքը կեսից մեկ դրույք դարձնելու նախընտրական խոստման մասին։ Թեժ վիճաբանության ժամանակ քաղաքապետն ավագանու անդամին դուրս է հրավիրել նիստերի դահլիճից ու հարվածներ հասցրել դեմքին:

Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել 2017 թվականի սեպտեմբերի 14-ին` վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։ 2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է համայնքի ղեկավար։ 2016թ.-ից ՀՀԿ անդամ է:

Առուշանյան. «Երբ հրաժարվեմ, կտեղեկացնեմ»