Թակարդն ընկած արջին Երևանի կենդանաբանական այգու և FPWC-ի մասնագետները փրկեցին

Արջը Կարբիի ձորում հայտնվել էր մարդկանց լարած նենգ թակարդում:
Sputnik

Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) աշխատակիցները Արագածոտնի մարզում` Կարբիի ձորում  փրկել են մարդու լարած թակարդի մեջ ընկած գորշ արջին:

Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:

Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել:

Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան: