60–ն անց մարդկանց համար. կին նախարարներն ուզում են փոխել հայ թոշակառուների կյանքը

Հայաստանում կենսաթոշակառուներն այլևս ազատ ժամանակ չեն ունենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի կենսաթոշակառուները կարող են անվճար այցելել ներկայացումներ և համերգներ։ Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

Մակունցն ու Թանդիլյանն այսօր ստորագրեցին կենսաթոշակի անցած մարդկանց վերաբերող ծրագիրը գործարկելու մասին միջպետական համաձայնագիրը։

«Եվրոպական տարբեր երկրներում ճանապարհորդելիս մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրներում մարդիկ սկսում են իսկապես ապրել միայն թոշակի անցնելուց հետո։ Մենք որոշել ենք գործող հնարավորությունների շրջանակում մի քիչ բազմազան դարձնել մեր կենսաթոշակառուների առօրյան», – լրագրողներին ասաց Մակունցը։

Նրա խոսքով` բոլոր թատրոնների ղեկավարները պատրաստ են որոշակի քանակությամբ տոմսեր տրամադրել յուրաքանչյուր միջոցառումից։ Ամեն ինչ կախված է դահլիճի ծանրաբեռնվածությունից։ Թեև ֆիքսված թիվ չկա, բայց դահլիճի նստատեղերի քանակից կախված՝ 2,5-20 տոկոսը կտրամադրվի նրանց:

Հայաստանում թոշակառուներն ավելանում են, թոշակները` ոչ. ովքե՞ր կհայտնվեն «փրկօղակում»

Ծրագիրը մեկնարկել է այսօր, և կենսաթոշակառուները կարող են այցելել Օպերայի և բալետի անվան ազգային ակադեմիական թատրոն, ինչպես նաև Երգի պետական թատրոն, որտեղ համերգ է լինելու։

Ըստ հաշվարկների` ամեն ամիս այդ ծրագրից կարող են օգտվել մոտ 2 հազար կենսաթոշակառուներ։ Թանդիլյանի խոսքով` կենսաթոշակառուներին տոմսեր բաժանելու առաքելությունը ստանձնել է աշխատանքի նախարարությունը։

«Միջոցառումից մեկ օր առաջ մենք կզանգահարենք կենսաթոշակառուներին, կհարցնենք` կարո՞ղ են ներկա լինել միջոցառմանը», – ասաց Թանդիլյանը։

Կենսաթոշակառուների թիվը կախված է տեղերի քանակից, որոնք թատրոնները կներկայացնեն նախարարություններին։ Թանդիլյանը նշեց, որ կենսաթոշակառուներն արժանի են ավելի մեծ ուշադրության, և սա նվազագույնն է, որն այսօր կարող են առաջարկել գերատեսչությունները։

«Սա հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես միջգերատեսչական համագործակցության արդյունքում կարող ենք ստանալ ավելացված արժեք քաղաքացիների կյանքում: Նախարարության տեսլականն է` եզրին չթողնել այն քաղաքացիներին, ովքեր սոցիալական տարբեր խնդիրների պատճառով հետ են մնում հասարակության հետ շփումներից»,-ասաց Թանդիլյանը։

Հիշեցնենք, որ 2018թ–ի հուլիսի 1–ի տվյալներով` Հայաստանում կա 461 68 կենսաթոշակառու, որոնցից 280 45–ը կանայք են։