ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Անչափահաս երեխաներին սովամահությունից փրկելու համար գողություն կատարած մոր վրա համաներումը չի տարածվել։ Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին ասացին սյունեցի Հասմիկ Սարգսյանի պաշտպանները։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ Հասմիկ Սարգսյանը գործել է ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում. մայրն այդ քայլին է դիմել իր երեխաներին օրվա հացով ապահովելու համար։
«Եթե մարդը գողություն է անում, նա ամբողջ գումարը կվերցնի, որովհետև դրամապանակում էլի գումար է եղել, բայց ինքը միայն 5000 դրամն է վերցրել»,– ասաց փաստաբանը։
2017 թվականի հուլիսի 8-ին Սիսիանի բնակիչ, 4 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանը ընկերուհու տանը, ննջասենյակի պահարանի վրա դրված պայուսակի մեջ եղած դրամապանակից գողացել էր 5000 դրամ։
Դատարանի վճռով Հասմիկ Սարգսյանը դատապարտվել էր 6.6 տարվա ազատազրկման, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ընտանիքի միակ կերակրողն է և 4 երեխա ունի, դատարանը մեղմել էր պատիժը` սահմանելով 5 տարվա ազատազրկում։
Ընդ որում, նախկինում կինն արդեն մեկ անգամ նման քայլի դիմել էր ու այդ պահին գտնվում էր պատիժը պայմանականորեն չկիրառելու փորձաշրջանում։
«Ես հասկանում եմ, որ օրենքի տեսանկյունից կրկնակի հանցագործություն է արել, բայց միայն օրենքով չէ, պետք է նաև մարդասիրական չափանիշներ լինեն։ Այսօր դատարանի առաջ պետք է կանգնի ոչ թե Հասմիկ Սարգսյանը, այլ այն մարդը, ով գողացել է Հասմիկի ու նրա երեխաների հացը»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց կնոջ պաշտպանությամբ զբաղվող «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը` հիշեցնելով, որ Հասմիկ Սարգսյանի ընտանիքին զրկել են անապահովության նպաստից։ Աշխատանք ստանալու համար նա մի քանի անգամ դիմել է Սյունիքի ու Սիսիանի իշխանություններին, բայց ոչ մի աջակցություն չի ստացել։
Այսօր Հասմիկ Սարգսյանի ավագ որդին ծառայում է բանակում, բայց, փաստաբանների խոսքով, ծառայության մեծ մասն առողջական խնդիրների պատճառով անցկացնում է զինվորական հոսպիտալում։ Հասմիկն ու դուստրերից մեկը ևս առողջական խնդիրներ ունեն։ Մայրը բարեգործների աջակցությամբ այս ընթացքում վիրահատվել է ուռուցքաբանության կենտրոնում ու առողջական խնդիրների պատճառով ստիպված հրաժարվել է հացի փռում իր աշխատանքից։ Այսօր Հասմիկն իր 3 անչափահաս երեխաների հետ ապրում է վարձակալած փոքրիկ կացարանում, աջակիցների փոքրիկ նվիրատվությունների ու Facebook-ում հայտարարված դրամահավաքի միջոցներով` սպասելով դատարանի վերջին խոսքին։
Դատական գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, որը նոյեմբերի 14-ին պետք է որոշում կայացնի պաշտպանների բողոքը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին։ Բողոքում պաշտպանները պահանջում են, որ դատարանը քրեական հետապնդումը դադարեցնի արարքը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարած լինելու հիմքով։ Մուշեղ Շուշանյանի խոսքով` հայաստանյան իրավական պրակտիկայում նման նախադեպ չկա, ուստի այս որոշմամբ Վճռաբեկ դատարանը նաև պատմական դատավճիռ կայացնելու հնարավորություն ունի։
Ինչ վերաբերում է համաներմանը, ապա փաստաբան Շուշանյանը, հակառակ իշխանությունների որակման, այն աննախադեպ չի համարում։ Ավելին, կարծում է, որ այս համաներումը մի քանի անգամ զիջում է նախկինում հայտարարվածներին։
«Բոլոր հեղափոխություններից հետո ընդունված է նախ ազատել հանիրավի դատապարտված անձանց, որոնք բազմաթիվ են բոլոր իրավական համակարգերում։ Այս համաներումը պետք է հայտարարվեր այս տարվա մայիսի 28-ի առթիվ, ու շատ արագ կարելի էր այդ նախագիծը մշակել։ Բայց դա չարվեց, ու մենք հիմա տեսնում ենք, որ միտումները, մեղմ ասած, հուսադրող չեն։ Այսինքն` մեծ հաշվով ոչինչ չի փոխվել այս քաղաքական ղեկավարության և նախորդների մոտեցումների միջև»,– ասաց Շուշանյանը։
Փաստաբանի խոսքով` Հասմիկ Սարգսյանի գործը հանրային մեծ հնչեղություն է ստացել, բայց այն իր տեսակի մեջ եզակի չէ։ Նման գործեր ու հանուն երեխաների գողության դիմած մայրեր և հայրեր Հայաստանի ազատազրկման վայրերում շատ կան։