«Մենք խոսելու բան ունենք». ՀՀ նախագահը` Էրդողանի հետ հավանական հանդիպման մասին

Հարցն անսպասելի է եղել, այդ պատճառով էլ Արմեն Սարգսյանն արձագանքել է` հաշվի առնելով իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ես առանձնահատուկ հայտարարություն չեմ արել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Այսօր լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հավանական հանդիպման մասին ասածին:

Նա ասել է, որ նման հայտարարություններ պետք է անեն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը:

«Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին` եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, և որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք», – ասաց Սարգսյանը։

Ըստ նրա` դա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու վերաբերմունք, որն այս պահին նախագահի պաշտոն է զբաղեցնում։

Հիշեցնենք, որ RTS շվեյցարական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը չէր բացառել, որ Հայաստանը մի օր կների Թուրքիային, բայց միաժամանակ նշել էր` ներումը գալիս է ճանաչումից հետո։