ԱՄՆ–ն կարող է փորձել Երևանին և Բաքվին վաճառել հին զենքը. Կլինցևիչ

Նահանգապետը կարծում է, որ Ջոն Բոլտոնի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են Մոսկվային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ–ն վերազինման ընթացքում կարող է փորձել հին զենքը վաճառել Հայաստանին և Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը` մեկնաբանելով Թրամփի օգնական Ջոն Բոլտոնի այցը Հարավային Կովկաս։ Նրա խոսքով` Բոլտոնի այցն ուղղված էր նաև Ռուսաստանին նյարդայնացնելուն։

Ռուսաստան vs ԱՄՆ․ ո՞ւմ զենքն է ավելի լավը Հայաստանի համար

«Երբ նրանք ժամանում են տարածաշրջան, չեն տեսնում Հայաստանը և Ադրբեջանը։ Նրանց համար կարևոր է վնասել Ռուսաստանին, հակասություններ ստեղծել ՌԴ–ի և հարևանների միջև», – Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա–Մինսկ–Երևան–Տալլին տեսակապի ժամանակ ասաց Կլինցևիչը։

Նրա խոսքով` Հայաստանն այն երկրներից է, որը երբեք չի դավաճանել Ռուսաստանին։

Նա կասկածում է, որ ԱՄՆ–ն զենք կվաճառի Հայաստանին և Ադրբեջանին, բայց դրանց վերաբերյալ բանակցություններ կլինեն։ Դա ավելի շատ նման է սադրանքի, որն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Մյուս կողմից, Կլինցևիչի խոսքով, ԱՄՆ–ում սկսվել է վերազինման գործընթաց, և երկիրը փորձում է հին, բայց հուսալի զենքը վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես Ուկրաինայի դեպքում։

Նրա խոսքով` հայտարարությունը փորձնական է եղել, այժմ մոնիտորինգի են ենթարկում այդ երկրների արձագանքը։

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնը հոկտեմբերի 26–ին Հարավային Կովկաս կատարած այցելության ժամանակ ասել էր, որ չի բացառում 907-րդ բանաձևի դադարեցման հնարավորությունը։ ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելված է հակամարտող երկրներին զենք մատակարարել։ Այս արգելքը գործում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որը կառավարությանն արգելում է որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է Հայաստանի դեմ կիրառվել։