ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 707 144 200 դրամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը` համապատասխան որոշման նախագիծը ներկայացնելով գործադրի հավանությանը:
Նրա խոսքով` 10 000 000 դրամը կհատկացվի «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով:
234 224 800 դրամը կհատկացվի ոստիկանությանը` գրասենյակային նյութեր և հագուստ ձեռք բերելու, 10 024 500 դրամը` կապի ծառայությունների համար։
Նիստը վարող Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ հայաստանյան ընտրությունների անցկացմանը ֆինանսապես աջակցում են նաև միջազգային կառույցները, ինչի համար կառավարության անունից իր շնորհակալությունը հայտնեց վերջիններին: