Ընտրազանգված են «քերելու». քաղտեխնոլոգն ասաց` որ ուժերը կանցնեն ԱԺ

Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» մրցակցությունից դուրս է, բայց կա նաև ընտրազանգված, որը դեռ չի կողմնորոշվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը», ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն խորհրդարան կանցնեն, մնացածները ստիպված կլինեն ջանք թափել` չկողմնորոշվածների քվեները ստանալու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Էյֆորիայի ֆոնին կա «Քաղաքացիական պայմանագիրը», որը միանշանակ առաջատար է։ Մնացած 1/3 տեղերի համար պետք է պայքարեն ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն վերջին տարիների ընթացքում ձևավորված ընտրազանգվածի հաշվին», – ասաց Քոչարյանը։

Սև PR կամ «դվոյնիկ» կուսակցություններ. քաղտեխնոլոգը` ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Քոչարյանի կարծիքով` ՀՀԿ–ն խորհրդարան կանցներ նույնիսկ նոր Ընտրական օրենսգրքի հաստատման դեպքում։ Հայաստանում կա որոշակի ընտրազանգված (փոքր), որն իրեն հարմարավետ էր զգում հանրապետականների իշխանության օրոք։

Նրա խոսքով` հիմա նրանք սոցցանցերում ակտիվ չեն, վախենում են, չեն ուզում «սևանալ» և այլն։ ՀՀԿ–ի օրոք տարբեր բարիքներից օգտվող մարդկանց առնվազն կեսը հանրապետականների օգտին կքվեարկի։

Միաժամանակ, նրա կարծիքով, Ազգային ժողով անցնելու հնարավորություն ունեն նաև 1–2 կուսակցություն, որոնք պետք է «քերեն» դեռ չկողմնորոշված ընտրազանգվածի ձայները։ Մինչև վերջերս նման ուժ պետք է դառնար «Լույս» դաշինքը, բայց այն փլուզվեց։

Քոչարյանի կարծիքով` պատճառը ներքին բախումներն են։

«Տեղեկություն կա, որ մեկ ցուցակով մասնակցելու առաջարկություն է եղել, բայց հավակնություններն են առաջ եկել`ո՞ր կուսակցության ցուցակով գնալ։ Ես հակված եմ այդ վարկածին հավատալ», – ասաց Քոչարյանը։

ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի

Քաղտեխնոլոգը նշեց, որ վերջին տարիներին արևմտամետ ուժը միշտ անցել է խորհրդարան։ Բայց հիմա «Քաղաքացիական պայմանագիրն» ընկալվում է որպես Նիկոլ Փաշինյան (նա էլ ասում է, որ արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել)։ Այդ պատճառով էլ այս կուսակցությունը չի կարելի արևմտամետ համարել։

Այդ պայմաններում արևմտամետ ուժը (մեկ կամ երկուսը), ամենայն հավանականությամբ, խորհրդարան կանցնի։ Դա կարող է լինել «Հանրապետությունը», որը բանակցություններ է վարում «Ազատ դեմոկրատների» կամ «Լուսավոր Հայաստանի» հետ։

Նա հույս հայտնեց, որ հայկական հասարակության մեջ ռադիկալիզմն այդքան մեծ չէ, որ «Սասնա ծռերը» 5% հավաքեն ու ԱԺ անցնեն։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին։