Ինչու՞ են աճում անշարժ գույքի գները. բնակարանային խնդիրը Հայաստանում կրկին արդիական է

Փորձագետները խոսել են անշարժ գույքի 15–20% գնաճի մասին։ Տնտեսագետը կարծում է, որ այն ապահովել են հասարակության ավելի բարեկեցիկ խավերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Բնակարանային խնդիրը Հայաստանում շարունակում է արդիական ու չափազանց ցավոտ մնալ։

«Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը. Sputnik–ի հյուրն է Արման Ջհանգիրյանը

Երկրի ղեկավարությունը բազմիցս խոսել է հիփոթեկային վարկավորման պայմանների լավացման ու երիտասարդ ընտանիքների համար տոկոսադրույքի զգալի նվազեցման մասին, ու այդ ֆոնին փակվել են երիտասարդ մասնագետներին բնակարան տրամադրելու ծրագրերը, ինչը դժգոհություն է առաջացրել։ Սակայն վերջերս հասարակությանը հուզում են անշարժ գույքի գները։ Մասնավորապես համացանցում տեղեկություն է հայտնվել նախորդ տարվա համեմատ գնաճի վերաբերյալ։

Անշարժ գույքի բազում գործակալությունների հետ աշխատող անշարժ գույքի պրոֆեսիոնալ կայքի ներկայացուցիչ Անի Գալստյանն ասաց, որ իրականում մայիսից օգոստոս 15-20% գնաճ է արձանագրվել, եթե համեմատենք նախորդ տարվա  ցուցանիշների հետ։ Նա նաև նշեց, որ տվյալ պահին բարձր գները պահպանվում են, սակայն կտրուկ գնաճ այս պահին չկա։ 

«Վերածննդի» ավարտը. ինչպես են հօդս ցնդել երիտասարդ մասնագետների երազանքները

«Գներն աճել են հիմնականում Փոքր Կենտրոնում ու Արաբկիրում, այստեղ կարելի է մեկ քառակուսի մետրը գնել 1000–ից մինչև 3000 դոլարով։ Միաժամանակ գնաճը կապված է երկրում քաղաքական իրավիճակի հետ։ Բոլոր քաղաքական գործընթացներն անդրադառնում են անշարժ գույքի ոլորտի վրա։ Ցանկացած քաղաքական տատանում ու տնտեսական գործընթաց անդրադառնալու է անշարժ գույքի վրա», – նշեց Գալստյանը։

Փորձագետն ավելացրեց, որ անշարժ գույքի պահանջարկ է առաջացրել առաջնային շուկայից հիփոթեկային վարկավորման եկամտահարկի վերադարձնելու մասին նոր օրենքը։ Դա դրական է անդրադարձել նաև անշարժ գույքի առաջնային շուկայի վրա ու որոշակի ակտիվություն է մտցրել։

Տնտեսական վերլուծաբան, B4B հարթակի հիմնադիր Բաբկեն Թունյանը վստահ է, որ գնաճը հասկանալու համար պետք է բազում գործոններ վերլուծել։ Նա կարծում է, որ հիմնականում անշարժ գույքի գներն աճում են, երբ մեծանում է պահանջարկը։ Սակայն, եթե քաղաքացիների եկամուտն ու գնողունակությունը չի աճում, ու եթե անշարժ գույքի պահանջարկն աճում է, ապա պատճառն այլ է։

Ովքե՞ր կարող են հիփոթեքով բնակարան գնել Հայաստանում

«Դա կարող է մեկնաբանվել որպես տնտեսական ակտիվության բարձրացում կամ քաղաքացիների եկամուտի ավելացում։ Չի բացառվում, որ պահանջարկը պայմանավորված է նրանով, որ ունևոր մարդիկ որոշել են ներդնել միջոցները ոչ թե բիզնեսի, այլ անշարժ գույքի մեջ։ Տվյալ պահին իրավիճակն անհասկանալի է ու դա ներդրման առավել անվտանգ տեսակ է», – ընդգծեց նա, ավելացնելով, որ տնտեսական տեսակետից դա այդքան էլ դրական չէ։

Թունյանը նաև չբացառեց, որ անշարժ գույքի պահանջարկը կարող էր աճել հիփոթեկային պայմանների բարելավման պատճառով։

2017 թվականին երկրում անշարժ գույքի ավելի քան 46,3  հազար գործարք է կնքվել։

Միայն Երևանում վերջին տարվա ընթացքում անշարժ գույքի առքուվաճառքի 14 հազար գործարք է եղել։ 2017 թվականին մեկ քառակուսի մետրի համար միջին գինը 550 դոլար է եղել, իսկ առավելագույն շեմը հասել է մի քանի հազար դոլարի։