ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանում ավտովթարի հետևանքով դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված վարորդ Հրաչյա Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, համաներմամբ ազատ է արձակվել։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ իր փեսային պատժի կրումից ազատելու հարցով ինքը դիմումներ էր ներկայացրել դեռ նախորդ իշխանությանը, այդ թվում` Սերժ Սարգսյանին։
Հարցին, թե ինչով է այժմ զբաղվում Հրաչյա Հարությունյանը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ տաքսի է քշում։
Հիշեցնենք` 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել:
2017թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար։
Ավելի ուշ դատարանը որոշում կայացրեց պատժի կրումն ազատ ռեժիմով շարունակելու վերաբերյալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը ընտանիքի միակ կերակրողն է։