«Ասֆալտին փռվածները» խելոքացել են. Օսիպյանը` Ծառուկյանի զենքերի մասին

ՀՀ ոստիկանության պետը խոսեց «ասֆալտին փռելու գործընթացի» և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ասֆալտին փռելու գործընթացն ավարտված չէ, ոստիկանությունը շարունակում է իրականացնել վարչապետի այդ հանձնարարությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Գագիկ Ծառուկյանը կրկին կգլխավորի ընտրացուցակը, կամ քանի՞ զենք ունի նա

«Լինում են այդպիսի գործընթացներ, նախկինում էլ են եղել»,- ասաց Օսիպյանը՝ հավելելով, որ դրա արդյունքում օլիգարխներն ու նրանց թիկնապահներն ավելի օրինապահ են դարձել:

Օսիպյանն անդրադարձավ նաև հայաստանյան մեծահարուստների մոտ կուտակված զենքի խնդրին, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ինքը 75 միավոր զենք ունի և որ տղամարդը պետք է կրակի:

Ոստիկանապետը նշեց, որ օրենքը չի սահմանափակում զենքի քանակը: Կարևոր է, որ դրանք լինեն օրինական, ու անհատն այդ զինատեսակները կրելու իրավունք ունենա:

Արձագանքելով Ծառուկյանի այն հայտարարությանը, թե մեկը զենք է սիրում, մեկը՝ ջութակ, Օսիպյանն ասաց, որ իր համար, իհարկե, որպես երաժշտական գործիք, ջութակի հնչյուններն ավելի հաճելի են։