Հայտնի է` ով կփոխարինի Սերժ Սարգսյանի եղբորը

Լևոն Սարգսյանին կփոխարինի գիտնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կգլխավորի գիտնական Լևոն Աբրահամյանը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,–գրել է նա իր էջում։

Լևոն Աբրահամյանը պատմական գիտությունների թեկնածու է, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ Նա Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչն է։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունվարի 18-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լևոն Սարգսյանը, միաձայն ընտրվել էր «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Լևոն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱԱԾ. տեսանյութ

Արդեն սեպտեմբերին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հայտնել էր, որ Սարգսյանն այլևս կապ չունի այդ հաստատության հետ: Լևոն Սարգսյանն այլևս չի զբաղեցնում նաև Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Լևոն Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման և հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու համար:

Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ազատել է նաև հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։