Սեփական թաղումից 2 ամիս անց տղամարդը տուն է վերադարձել

«Հանգուցյալի» հարազատները վախեցել են, երբ տեսել են երկու ամիս առաջ «թաղված» տղամարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ղազախստանի Տոմարլի գյուղի բնակիչը ողջ–առողջ տուն է եկել սեփական հուղարկավորումից 2 ամիս անց։ Անհեթեթ պատմության հերոսը 63-ամյա Այգալի Սուպուգալիևն է, որը կորել էր այս տարվա հունիսին ու դատափորձաքննության սխալի հետևանքով մահացած էր ճանաչվել։ Այս մասին հայտնում է azh.kz կայքը։

Ղազախստանի նախագահի թոռնուհին ամուսնացել է, ո՞վ է երջանիկ փեսացուն. լուսանկարներ

Տղամարդը տնից գնացել էր այս տարվա հունիսի 20–ին, սակայն ազգականները միայն հուլիսի 9–ին էին ոստիկանություն դիմել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունը կանչել էր հարազատներին դիակը ճանաչելու համար։

Բանն այն է, որ նրանք տղամարդու դիակ էին գտել, որը շոգի պատճառով արդեն քայքայվել էր, և չէր հաջողվել ճանաչել նրան։ ԴՆԹ փորձաքննությունը ցույց էր տվել, որ մահացածը 99,92 տոկոս հավանականությամբ Այգալի Սուպուգալիևն է։ Հուղարկավորման արարողությունը տեղի էր ունեցել սեպտեմբերի 4–ին, իսկ երկու ամիս անց նա ողջ–առողջ եկել է տուն, ինչը վախեցրել էր հարազատներին, զարմուհին քիչ է մնացել` կաթված ստանա։

Վերադառնալուց հետո Սուպուգալիևն ասել է մտերիմներին, որ այդ օրը, երբ դուրս էր եկել տնից, տեղի շուկայում ծանոթացել է մի տղամարդու հետ, որը համոզել է աշխատել Ատիրաուի մարզի մոտակա շրջանների գյուղական տնտեսությունում։ Չորս ամիս աշխատելուց հետո Այգալին որոշել է տուն վերադառնալ։

«Հանգուցյալի» բարեկամները հիմա պատրաստվում են դատական հայց ներկայացնել ոստիկանության ու Դատական փորձաքննության ինստիտուտի դեմ` փորձաքննության սխալի համար։ Դա Այգալի Սուպուգալիևի «վերակենդանացման» առաջին քայլերից մեկը կլինի։