Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատարը ցավակցություն է հայտնել Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Յուրի Վարդանյանի սպորտային բարձունքները ոգեշնչման աղբյուր էին հայության համար. Սարգսյան

«Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։ Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին»,– նշված է ցավակցական հեռագրում։

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին։

Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանի մահվան լուրը հրապարակվեց երեկ` նոյեմբերի 2-ին։ Նա 62 տարեկան էր։