Սիլվա Համբարձումյանը պնդում է` կաշառք է տվել նախկին նախարարին. նա մանրամասներ է հայտնել

Գործարարը պնդում է, որ կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար և Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանը, երբ բնապահպանության նախարար է եղել, գործարար Սիլվա Համբարձումյանից 8 միլիոն դոլար է ստացել` որպես «շնորհակալություն» հանքեր գնելու համար։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասաց Համբարձումյանը։

Գործարարը խոստովանում է` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին կաշառք է տվել

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Համբարձումյանի հայտարարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ (ժողովրդի մեջ հայտնի է «Բուլկի Արամ» անունով)։ Նա 2007–2014թթ–ը գլխավորել է բնապահպանական գերատեսչությունը։

Համբարձումյանը նշեց, որ կաշառք է տվել անձամբ Արամ Հարությունյանին` Դուբայում նրա հաշվին (Արաքս Դիլանյանի անունով) փոխանցելով ութ միլիոն դոլար։ Սակայն մետաղի հանքերը գնելուց հետո Համբարձումյանին միանգամից զրկել են արտոնագրից` նրանց աշխատանքը ճանաչելով անօրինական։

Կինը պնդում է, որ փողերը նստել են Արաքս Դիլանյանի հաշվին, դրանից հետո նա Դուբայում փոխանցել է գումարը Հարությունյանի մերձավորներին` Գագիկ Կարապետյանին, Վիկտոր Մարտիրոսյանին և Արմեն Խաչատրյանին։ Նրանք մի քանի օրից վերադարձել են Հայաստան արդեն փողերով։

«Գործն ընթանում է 2005թ–ից։ Այն երկու անգամ փակել են, հետո կրկին վերսկսել։ Այն քննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Հարությունյանն ամեն անգամ խոստանում էր վերադարձնել գումարը, բայց 2015թ–ի փետրվարին վերջնականապես ասաց, որ փող չի լինի», – ասաց Համբարձումյանը։

Նրա խոսքով` Բաղրամյան 26–ից (նախագահի նախկին նստավայր) իրեն հայտնել են, որ փողերը կվերադարձնեն, սակայն գործի քննիչը փոխվել է, և 2017թ–ի մարտի 2–ին այն վերջնականապես փակել են։

ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Փաշինյան

Ինչ վերաբերում է կաշառք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելուն, ապա, Համբարձումյանի խոսքով, օրենքը մինչև 2011թ–ը այդ կետով պատիժ չի նախատեսել, ուստի իրեն քրեական հետապնդում չի սպառնում։

Համբարձումյանն ընդգծեց, որ Հայաստանում հեղափոխությունից առաջ առանց կաշառք տալու բիզնես վարելն անհնար է եղել։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատգամավորներից մեկին շուտով կկալանավորեն կոռուպցիոն գործի շրջանակում։ Նա նշել էր, որ պահանջվում է մի թուղթ, որը քննությունը չի կարողանում մի քանի ամիս ստանալ։ Փաշինյանը պատգամավորի անունը չէր ասել` նշելով միայն, որ այդ գործը տանում է բազմաթիվ այլ քրեական սյուժեների։

Համբարձումյանը կարծում է, որ խոսքը հենց Հարությունյանի մասին է։