Որքան դրամ և դոլար կունենան հայերը 2019 թվականին. ֆինանսների նախարարության գնահատականը

Հայաստանում միջին կենսաթոշակը կմնա մոտ 80 դոլարի մակարդակում, միջին աշխատավարձը մոտ 350 դոլար կկազմի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ–ի ցուցանիշը 2019 թվականին կաճի  մինչև  4 604 դոլար։

2019թ-ին Հայաստանի բյուջեն կաճի՝ արտաքին պարտքին զուգահեռ

Այս մասին 2019 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ–ում հայտարարեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

2018 թվականի արդյունքներով այն  4 280 դոլար կկազմի, ավելացրեց նախարարի պաշտոնակատարը։ Այդպիսով, Համաշխարհային բանկի դասակարգմամբ` Հայաստանը համալրում է այն երկրների խումբը, որի եկամուտների մակարդակը «միջին է` դեպի բարձր»  (upper middle-income)։ Այս կարգում են այն երկրները, որտեղ համախառն ազգային եկամուտը մեկ մարդու հաշվարկով տարեկան 3 896–12 055 դոլար է կազմում։

Իսկ ինչպիսի՞ն կլինի միջին աշխատավարձը 2019 թվականին։ Այս հարցում կանխատեսումներ չկան, սակայն նվազագույն աշխատավարձը չի փոխվի և կկազմի նույն 55 հազար դրամը։

Ինչ վերաբերում է փաստացի ցուցանիշներին, ապա 2018 թվականի հունվար–օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 3,7%–ով` կազմելով մոտ 168,5 հազար դրամ։

Պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 144,4 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում` 182,8 հազար։ Հաշվի առնելով 2,5%–անոց ինֆլյացիան՝ աշխատավարձերի իրական աճը 1.2% է կազմել։

Իսկ միջին կենսաթոշակը մոտավորապես նույն մակարդակում կմնա  (39,4–ից կաճի` դառնալով 40,2 հազար, այսինքն` կմնա մոտ 80 դոլարի մակարդակում)։