Տնտեսությունը 2019 թվականին հանդես կգա իր ողջ ներուժով. ՀՀ ֆինանսների նախարար

Էկոնոմիկայի իրական ցուցանիշները կմոտենան ներկա պահին պոտենցիալ հնարավոր ցուցանիշներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ–ն կաճի 4,9%, իսկ տնտեսությունը կմոտենա իր պոտենցիալ հնարավորություններին։

Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան

Այս մասին ասվում է 2019 թվականի բյուջեի ուղերձում, որի քննարկումը ԱԺ–ում մեկնարկել է այսօր` նոյեմբերի 1-ին։

Կառավարության սպասումների համաձայն` արդյունաբերությունը կաճի մոտավորապես 5%, գյուղատնտեսությունը` 4%,  շինարարությունը 5,5%, ծառայությունների ոլորտը` 5%։

Համեմատության համար` 2018 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ–ն աճել է  8,3%–ով, որից  5%–ը բաժին է ընկել ծառայությունների ոլորտին (այդ թվում վարկերին), 1,3%–ը` արդյունաբերությանը, շինարարությանն ու գյուղատնտեսությանը` 0,5% յուրաքանչյուրին։ Մոտավորապես նման հարաբերակցություն է սպասվում 2019 թվականին։

Ենթադրվում է, որ տնտեսության մեջ սպառումը (և՛ պետական, և՛ մասնավոր հատվածում) կաճի մոտավորապես նույնքան, որքան բուն տնտեսությունը` 5%։

Հարկերի հավաքագրումը գրեթե չի ազդի բնակչության ծախսերի և պահանջարկի վրա։ 2015-16 թվականներին կառավարությունը ավելի շատ վարկ է վերցրել տնտեսությանն աջակցելու համար, 2017-18 թվականներին` կրճատել ծախսերը, նոր պարտքեր չկուտակելու համար։ Իսկ 2019 թվականին հարկահավաքության ազդեցությունը տնտեսության վրա գրեթե չեզոք կլինի։