ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում բանկային ավանդների դոլարացումը շարունակում է կրճատվել։
Այդ մասին ասվում է 2019թ-ի բյուջեի ուղերձում, որի քննարկումները սկսվել են նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում։
2017թ-ի հուլիսից 2018թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում 2016-2017թթ-ի նույն ցուցանիշի համեմատ բանկերում ավանդների ծավալն ավելացել է 12 տոկոսով, ընդ որում հիմնականում (9,2 տոկոս) դրամով ավանդների հաշվին։ Նույնը վերաբերում է վարկերին։ 2017թ-ի հուլիսից 2018թ-ի հուլիս ընկած ժամանակահատվածում դրանց ծավալն ավելացել է 21,7 տոկոսով, և այդ աճի մեջ դրամով վարկերին բաժին է ընկել 14,4 տոկոսը։
2018թ-ին շարունակել է կրճատվել բանկային ավանդների դոլարացումը։ 2017թ-ի սկզբին արժույթային ավանդները կազմել են բոլոր ավանդների 64,5 տոկոսը, իսկ տարեվերջին՝ արդեն 60,1 տոկոս։ Իսկ այս տարվա հուլիսի վերջին այդ ցուցանիշը կազմել է 59,7 տոկոս։
Շարունակել են նվազել վարկերի և ավանդների տոկոսադրույքները։ Եթե 2016թ-ին մինչև 1 տարվա դեպոզիտների միջին եկամտաբերությունը կազմել է 11,6 տոկոս, ապա 2017թ-ին՝ միայն 9 տոկոս։ Բայց նվազել է նաև վարկերի միջին տոկոսը․ 17,4 տոկոսից մինչև 14,4 տոկոս։ Արդյունքում Հայաստանի բնակչության ավանդների ծավալը 2018թ-ի հուլիսին (2017թ-ի հուլիսի համեմատ) աճել է 12 տոկոսով, իսկ վարկերը՝ գրեթե 22 տոկոսով։
Այստեղ բացատրությունը պարզ է․ Հայաստանի ֆինանսական համակարգն ավելի կայուն է դարձել, կարծում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Շուտով կհրապարակվի Հայաստանի ֆինանսական կայունության նոր վերլուծությունը, որը կազմվում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի մասնագետների մասնակցությամբ։ 2006թ-ին հանրապետությունը ցույց է տվել կայունության ցուցանիշին 65 տոկոսով համապատասխանություն, 2002թ-ին՝ 91 տոկոսով, իսկ հիմա ցուցանիշն ավելի բարձր կլինի։
Ջավադյանը հավելեց, որ նույնիսկ ամենազարգացած երկրների շարքում Հայաստանը չի կորչի և կգրավի իր տեղը։
2018թ-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո նկատվել է հանրապետությունից կապիտալի արտահոսք, բայց կարճ ժամանակ անց փողերը սկսել են հետ գալ։ Դրա վկայությունը հայկական բանկերում ավանդների հետագա աճն է, եզրափակեց ԿԲ նախագահը։