Հայ-իրանական սահմանի հնարավոր փակման մասին Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է. Աշոտյան

ՀՀԿ նախագահի տեղակալն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը աննախադեպ է և վտանգավոր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Աշխարհաքաղաքական զարգացումների հորձանուտում, անգամ ամենասուր իրավիճակներում այդ սահմանը միշտ բաց է մնացել: Հիշեք, նաև որ 90-ականներին այդ սահմանը պատերազմող և շրջափակված Հայաստանի համար "կյանքի ճանապարհ" էր»,- գրել է Աշոտյանը:

Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ով, կամ որևէ այլ երկրով, պայմանավորել Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները խստագույնս դատապարտելի կլինի:

«Իսկ եթե Փաշինյանի հայտարարության հիմքում ընկած է իրանա-ամերիկյան հնարավոր ռազմական բախումը, ապա դա այնքան կործանարար կլինի ռեգիոնի համար, որ սահմանի փակումով չենք պրծնի, պարոնայք: Այդ դեպքում իրավիճակին համարժեք լուծումների մասին խորհե՞լ եք: Էքստրեմալ սցենարներին երկիրը պատրաստե՞լ եք»,-շեշտել է Աշոտյանը՝ հավելելով, որ երբեք պետք չէ մոռանալ այն կարևորագույն փաստը, որ Արցախ-Իրան սահման ևս գոյություն ունի, և այն մոտ 3 անգամ ավելի երկար է, քան Հայաստանինը:

«Իսկ այդ մասին մտածե՞լ եք: Արցախի Հանրապետության ղեկավարության հետ համատեղ գործողությունների հնարավոր սցենարներ քննարկե՞լ եք»,-հարցնում է Աշոտյանը և զգուշացնում, որ աղմկահարույց  հայտարարություններից հետո պետք է պատրաստ լինել առերեսվելու բազմաթիվ հարցականների հետ: