ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը պաշտպանում է և շարունակելու է պաշտպանել իր ազգային շահերը, և բոլոր որոշումներն ընդունվելու են այդ շահերից ելնելով։ Այս մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԱԺ պատգամավորների` Թուրքիայի հետ հարաբերություններին առնչվող հարցերին։
Փաշինյանի խոսքով` կան վերլուծաբաններ, այդ թվում նաև միջազգային, որոնք ասում են, թե իբր «նման պայմաններում տրամաբանական կլիներ, եթե ԱՄՆ–ն փորձեր Հայաստանի հետ բանակցեր և համոզեր նրան Իրանի հետ հարաբերություններում, հայ–իրանական սահմանի հարցում որոշակի սահմանափակումներ մտցնել»։ Սակայն այդ նույն վերլուծաբանները չեն հարցնում, թե ինչու, օրինակ, ԱՄՆ–ն, չպետք է նման քաղաքականություն վարի Թուրքիայի նկատմամբ և ստիպի նրան բացել Հայաստանի հետ սահմանը։
«Ինչու են բոլորն համակերպվել են այն մտքին, որ Թուրքիան պետք է փակի Հայաստանի հետ սահմանը, սակայն չեն կարողանում համակերպվել, որ Հայաստանը չպետք է փակի Իրանի հետ սահմանը։ Ուզում եմ հասկանալ` որտեղի՞ց է տրամաբանությունը։ Ոմանք կարծում են, որ իրենք այնքան ինքնիշխան և ինքնուրույն են, որ կարող են պաշտպանել իր ազգային շահերը, իսկ Հայաստանը` ո՞չ։ Եթե որևէ մեկն այդպես է կարծում, սխալվում է», – հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը մի հետաքրքրաշարժ դրվագ պատմեց։ Պարզվում է, որ Հայաստանում գործող միջազգային դիվանագետներից մեկը վերջերս զեկույց էր գրել իր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի համար և նշել, որ Հայաստանը «դատելով ամեն ինչից` ուզում է տարածաշրջանային և միջազգային գործոն դառնալ, և ինչպե՞ս է դա հնարավոր»։
Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց` իսկ ի՞նչ զարմանալի բան կա դրանում։ Նա համոզված է, որ հայ ժողովուրդն արժանացել է տարածաշրջանային և միջազգային գործոն լինելու իրավունքին։