Հաստատվեց. Մոսկվայում կտեղադրեն քաղաքի գլխավոր ճարտարապետի` Կարո Հալաբյանի հուշարձանը

Տեղադրման վայրը կանաչապատ տարածք է Մալի Պեսչանի փողոցի №2 տան մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորները երրորդ ընթերցմամբ ընդունել են ԽՍՀՄ Ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը տեղադրելու մասին նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայում տեղադրվելու է ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը

«Առաջարկվում է լրացնել ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը տեղադրելու մասին առաջարկների ցանկը։ Տեղադրման վայրը կանաչապատ տարածք է Մալի Պեսչանի փողոցի №2 տան մոտ։ Առաջարկն արել է ՌԴ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի միջոցների հաշվին 15 միլիոն ռուբլու չափով», – ասել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների հանձնաժողովի ղեկավար Եվգենի Գերասիմովը։

Կարո Հալաբյանը ծնվել է 1897 թվականին Ելիզավետպոլում (Կիրովաբադ)։ 61 տարվա ընթացքում մի շարք կարևոր նախագծեր է իրականացրել ոչ միայն Ռուսաստանի, որտեղ ստացել էր ճարտարապետի մասնագիտությունը, այլև հարազատ Հայաստանի համար։