Սերժ Սարգսյանը տեղափոխվեց Ձորաղբյուր

ՀՀ նախկին նախագահը դուրս է եկել կառավարական ամառանոցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները: Այս մասին հայտնել է 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Հիշեցնենք` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԱԾ–ն շարունակելու է ապահովել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգությունը։

ՀՀ կառավարությունն ավելի վաղ Սերժ Սարգսյանին 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն էր առաջարկել Երևանի ծայրամասում՝ Ավան վարչական շրջանում, բայց այդ առաջարկը մերժվել էր։

Ըստ ԶԼՄ–ների` Ձորաղբյուրում գտնվում է Սերժ Սարգսյանի խնամուն պատկանող ամառանոցը։