Ի՞նչ չի կարելի անել դեղորայքի ու մեքենաների հետ. զգուշացնում է Վարդանյանը

ՊԵԿ–ի ներկայացուցիչ Վարդան Վարդանյանն ասաց` ինչպես կարելի է խուսափել դեղերի շրջանառության ու մեքենաների ներմուծման կանոնների խախտումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դեղորայքի շրջանառության ու մեքենաների ներմուծման հետ կապված բազում խախտումներ է բացահայտում։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց` ինչպես կարելի է խուսափել խախտումներից։

Ինչպես կարելի է աջ ղեկով ավտոմեքենաները բերել Հայաստան. նախարարի ակնարկը

Նախ` դեղերը չի կարելի փոստով ուղարկել կամ ստանալ։ Սա կանոն է, որի դեպքում բացառություն չկա։

«Խորհուրդ ենք տալիս այդ մասին զգուշացնել արտասահմանում գտնվող ձեր բարեկամներին ու մտերիմներին` փոստով չուղարկել ու չստանալ ոչ մի դեղորայք», – ավելացրեց Վարդանյանը։

Այս կանոնն անհրաժեշտ է դեղորայքի շրջանառության անվտանգությունն ապահովելու համար, և որ թմրանյութերով «լցոնված» հաբեր չգան Հայաստան։ Այսպես` 2018 թվականի հունվարի–հոկտեմբերին փոստային ծանրոցներում գտել են մոտ 22 կիլոգրամ դեղորայք, այդ թվում` թմրանյութեր պարունակող երեք հազար դեղահաբ։

Ինչ վերաբերում է մեքենաներին, ապա չի կարելի չմաքսազերծված մեքենաները փոխանցել այլ անձանց։

«Եթե սեփականատերը չի վարում ավտոմեքենան, ապա գոնե պետք է մեքենայում լինի։ Մենք հայտնաբերել ենք բազում դեպքեր, երբ ներկրողը, առանց մեքենան մաքսազերծելու, այն փոխանցել է մեկ ուրիշին», – նշեց ՊԵԿ ներկայացուցիչը։

Մաքսային ծառայությունները շարունակում են ուշադրությամբ հետևել նման դեպքերին։