Հայաստանի մաքսավորները «թվային» թմրավաճառների են հայտնաբերել

Չարագործները գործարքների համար օգտագործել են սոցցանցերն ու էլեկտրոնային դրամապանակները։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ է հայտնաբերվել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը։

Հայաստանն ուզում է ամրապնդել Իրանի հետ «թմրանյութային» համագործակցությունը

Թմրանյութ վաճառողները «հաճախորդ» են փնտրել սոցանցերում, հեռախոսահամար են փոխանցել մեսենջերով (Viber կամ Whatsapp) ու խնդրել են փողը փոխանցել էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Դրանից հետո հայտնել են «ապրանքը» փոխանցելու հասցեն, օրն ու ժամը։

Նրանք արտասահմանյան հեռախոսահամար են օգտագործել, որպեսզի իրավապահ մարմինները չկարողանան գտնել կապի օպերատորների միջոցով։ Իսկ էլեկտրոնային դրամապանակով վճարումների ժամանակ անձնական տվյալներ չեն նշել։

Սակայն չարագործներին գտել են։ Նրանց մոտ եղել է 600 գրամ հաշիշ և 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ։

Գործը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ պարզելու են հանցախմբի գործունեության մանրամասները, մասնավորապես` ով է կազմակերպիչը, ովքեր են կատարողները, և արդյո՞ք նրանց հաջողվել է անչափահասների ներգրավել։