Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան
ԱՄՆ–Իրան հակասությունները հասել են այն կետի, որ դրանց միջև եղած խնդիրները սկսել են զգալիորեն անդրադառնալ մեր տարածաշրջանի երկրների վրա։
Ու բանը միայն այն չէ, որ Երևանում ու Բաքվում Բոլտոնն իրենց թույլ տվեց չափազանց խիստ արտահայտվել իրանական պատժամիջոցների մասին։ Հայաստանում նրա հայտարարությունները հնչում էին դիվանագիտական անտաշության մակարդակով։ Չի կարող այդ մակարդակի քաղաքական գործիչը չհասկանալ` ինչ պայմաններում է ապրում Հայաստանը։
Այն ամենը, ինչ խոսվում է Իրանի մասին Հայաստանում, Թեհրանում մանրադիտակով է ուսումնասիրվում:
Սակայն ամերիկյան պաշտոնյան իրեն թույլ տվեց ասել, որ Հայաստանը ճար չունի։ Միևնույն է պետք է միանալ Իրանի դեմ պատժամիջոցներին։ Իսկ ինչպես օրերս նշեց Վիգեն Սարգսյանը, նախկինում արևմտյան քաղաքական գործիչները Հայաստանում բավականին զգույշ էին խոսում Իրանի թեմայով։
Աշխատում էին չկպնել սուր հարցերին՝ կապված մի երկրի հետ, որի հետ Հայաստանը բարեկամական կապեր ունի։
Հասկանում էին, որ Իրանի դեմ ցանկացած խոսքային հարձակումը Թեհրանում մանրադիտակով է ուսումնասիրվում։ Հյուրերը հասկանում էին, որ անզգույշ արտահայտությունները վատ կողմից կներկայացնեն ընդունող կողմին ու կխախտեն խոհեմության վրա հիմնված դիվանագիտական էթիկետը։
Ե՛վ Բոլտոնի երևանյան այցը, և նրա արտահայտությունները բացահայտ դիվանագիտական սադրանք են:
Ամերիկյան պաշտոնյան ասել էր, որ «Իրանի հետ սահմանը խնդիր կդառնա»։ Դիվանագիտական համատեքստում ասածը կարելի է ընկալել ոչ թե որպես սպառնալիք, այլ զգուշացում, սակայն Երևանը դրանից չի թեթևանա։
Նրա խոսքերը, ինչպես նաև պաշտոնական Երևանի արձագանքը, պետք է Թեհրանի խիստ պատասխանն առաջացնի։ Բոլտոնը հենց այս հաշվարկով էր խոսում։
Քանի որ հասկանալի է, որ եթե ամերիկյան դիվանագիտությանը հաջողվի գոնե մի փոքր վատացնել հայ–իրանական հարաբերությունները, ապա դա իր համար կարևոր հաղթանակ կլինի։
Մյուս կողմից էլ` իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբության էջում գրել է, որ «բանակցությունների ընթացքում պաշտոնական Երևանը ոչ միայն ընդունելի չի համարել ամերիկյան կողմի դիրքորոշումներն Իրանի հետ կապված խնդիրներում, այլ նաև ընդգծել է հայ-իրանական սահմանի կարևորությունը, ինչը լուրջ քայլ է նաև իրանական կողմի ընկալումներում մեր երկրի՝ վստահելի գործընկերոջ չափազանց թանկ արժեցող վարկը պահպանելու առումով»։
Ադրբեջանն ու Իրանի ճանապարհները ակնհայտորեն տարբեր են
Բաքվում ամեն ինչ այլ է։ Նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ վարվել են «ինտենսիվ բանակցություններ՝ այդ թվում Իրանի խնդրով», որոնց ընթացքում քննարկվել են «Իրանին զսպելու քայլեր»։
Նույն Վարդան Ոսկանյանը վստահ է, որ «նման հայտարարություններից գրեթե միանշանակ կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստանալ Բաքվի վարչակարգի գրեթե լիակատար աջակցությունն Իրանի դեմ ձեռնարկվելիք գործողությունների համատեքստում, ինչից առաջին հերթին պետք է հետևությունների հանգեն հենց Թեհրանում՝ հատկապես նախագահ Ռուհանիի քաղաքական թիմի այն թևում, որտեղ, ցավոք, հերթական անգամ պատրանքներ կային Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնելու վերաբերյալ»։
Դրա մասին է վկայում նաև այն, որ վերջերս ադրբեջանական ռազմական վերնախավը ակտիվացրել է շփումները հակաիրանական ուղղվածություն ունեցող երկրների հետ։ Օրինակ, մեկ ամիս առաջ հինգօրյա այցով Բաքու էր գնացել Իսրայելի պաշտպանության նախարարը, դրանից հետո Իսրայել էր գնացել Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը։
Այս ֆոնին հայտնի դարձավ, որ անորոշ ժամանակով հետաձգվել է այս օրերին նշանակված Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մուհամմադ Բաղերի այցը Բաքու։
Նա պետք է մեկներ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի հրավերով։
Կարելի է չկասկածել, որ այցի չեղարկումն ուղղակիորեն կապված է բարձրաստիճան ամերիկացու Հարավային Կովկաս այցելության ժամանակ արված աղմկահարույց հայտարարությունների հետ։