Ես խիստ կասկածներ ունեմ, որ այն մարդիկ, ովքեր բացակայել են, և այն ուժը, որը իրենք ներկայացնում են, լինելու են գալիք ԱԺ-ում: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի նախագծի երկրորդ տապալմանը:
«Չեն լինելու ԱԺ-ում, որովհետև ՀՀ քաղաքացին, կարծում եմ, դիտում է այս ամենը և իր գնահատականը կտա: Սա կառավարության ձախողումը չէ, սա ԱԺ-ի կոնկրետ մարդկանց գործելաոճի և սխալի հետևանք է»,- ասաց նա:
Լրագրողներին հետաքրքրեց` ՀՅԴ-ն է մեղավո՞ր, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունները երկրորդ անգամ էլ չընդունվեցին ԱԺ-ում։
«Ես չեմ ուզում ասել, որ ՀՅԴ-ն է մեղավոր կամ ՀՀԿ-ն, կան կոնկրետ անձինք, որոնք, այո, չնայած «սաբոտաժ» բառը դուրները չի գալիս, բայց սա այս օրենքի սաբոտաժ է, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի այս ԸՕ-ն չանցնի»,-նկատեց նա:
Նրա խոսքով` իրենք կարող են ԱԺ ընտրությանը մասնակցել նաև հին օրենսգրքով, ռեյտինգային համակարգն իրենց համար խնդիր չէ:
«Կգնանք այն օրենսգրքով, որը գործում է, և կտեսնենք՝ կանցնեն ԱԺ, կկարողանան իրենց խոսքն այսուհետ ԱԺ-ում անցկացնել, թե ոչ։ Սա արվում էր նրա համար, որ մաքսիմալ շատ ներկայացվածություն լինի ԱԺ-ում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ այսօր երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ քվեարկեցին 62, դեմ` 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 «կողմ» քվե:
Մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվեց, քանի որ ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը:
Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:
Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժ:
Խորհրդարանում ուժերի դասավորությունն այս պահին հետևյալ տեսքն ունի` ԲՀԿ-ն ունի 31 մանդատ, «Ելքը»՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, ՀՀԿ-ից առանձնացած պատգամավորները 18-ն են: