ԱԺ–ում երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը

ԸՕ բարեփոխումների փաթեթն Ազգային ժողովում կրկին չստացավ բավարար թվով ձայներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, երկրորդ անգամ տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: Փաթեթին կողմ քվեարկեցին 62, դեմ` 2 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 կողմ քվե:

Սամվել Ալեքսանյանը «շշկռվել է». ինչու է նա դեմ քվեարկել Փաշինյանին

Մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումը ԱԺ արտահերթ նիստում տապալվեց, քանի որ ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:

Ընտրական օրենսգրքի առաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվում համամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժ:

Խորհրդարանում ուժերի դասավորությունն այս պահին հետևյալ տեսքն ունի` ԲՀԿ-ն ունի 31 մանդատ, «Ելքը»՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, ՀՀԿ-ից առանձնացած պատգամավորները 18-ն են: