Շապիկն է մեղավոր. քաղաքականությունից հեռու տնտեսուհին հայտնվել է քաղաքական թակարդում

Զվարճալի ընտրախախտում է նկատվել թբիլիսյան բակերից մեկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 Հոկտեմբեր — Sputnik. Հետաքրքիր «ղալմաղալ» էր այսօր մեր կողքի շենքում. ոստիկանության մեքենաներ, ոստիկաններ, երկու մասի բաժանված «խալխ»` պոզիցիա-օպոզիցիա, այս երկու թևից «բեխաբար ճղճղացող» կանայք ու 5-֊րդ հարկում կախված լվացք։ Ֆեյսբուքի իր էջում գրել է թբիլիսաբնակ, հայալեզու «Վրաստան» թերթի լրագրող Գայանե Բոստանջյանը:

Ըստ նրա՝ տնային տնտեսուհիներից մեկը միամտություն է ունեցել լվանալ և դրսում կախել Վրաստանի նախագահի թեկնածուներից մեկի՝ քվեաթերթիկում նշված համարով պատկեր ունեցող շապիկ:

Մարդիկ դա դիտարկել են քարոզ ընտրության օրը, որն էլ առիթ է դարձել ոստիկանության խմբի գալուն ու վերածվել մեծ աղմուկի:

Այս աղմուկը չէր լինի, եթե «հինգ պարաններից ուղիղ բակ նայող առաջինի վրա չծածանվեր նախագահի թեկնածուներից մեկի համարով շապիկը»,-գրել է աղմուկի ականատեսը:

Հիշեցնենք, որ Վրաստանում արդեն ավարտվել է նախագահի ընտրության քվեարկությունը:

Ընտրատեղամասերի փակվելուց հետո հրապարակվել են էքզիթ փոլերի արդյունքները: «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության անցկացրած հարցման արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50 տոկոս + 1 ձայների հարաբերակցության շեմը, ինչը նշանակում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կկայանա ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուների մասնակցությամբ:

«Ամենաթողություն է». Վրաստանի նախագահի թեկնածուն զանգվածային բողոքի ակցիաների կոչ է անում

Իսկ ամերիկյան Edison Research ընկերության հարցման արդյունքներով, որն անցկացվել է «Ռուսթավի-2»  հեռուստաալիքի պատվերով, ընտրություններում հաղթում է «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, որը 40 տոկոս ձայն է ստացել:

Երկրորդ տեղում է հայտնվել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես մոտ 40 տոկոս ձայն է ստացել:

Մեկ այլ էքզիթ փոլի տվյալներով, որն անցկացրել է վրացական ընկերությունը «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվերով, հաղթող է դարձել Սալոմե Զուրաբիշվիլին՝ ստանալով ընտրողների ձայների 52.3 տոկոսը:

Վրաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալներն ավելի ուշ կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: