ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Զենքի շուկան վատ շուկա է:
Այս մասին, պատասխանելով «Առավոտի» լրագրողի հարցին, թե կարո՞ղ է Հայաստանը ռուսականի փոխարեն նախընտրի ամերիկյան զենք, ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Որտեղից ով կարողանում է, ինչ կարողանում է ձեռք է բերում»,-մանրամասնել է պաշտպանության նախարարը:
Նա հավելել է, որ Հայաստանն այս պահին Միացյալ նահանգներից ոչ մի առաջարկություն չի ստացել: Իսկ թղթակցի հարցին, թե կգնե՞նք արդյոք, եթե առաջարկ ստանանք, նախարարը պատասխանել է, որ գոյություն ունի գին, որակ, մատակարարման ժամանակ և այս պահին ու այս փուլում ամերիկյան զենքի անհրաժեշտությունը չկա:
Նախարարը նաև խոսել է առաջնագծի մասին և շեշտել, որ այս պահին ամենաքիչ հաճախականությամբ են նկատվում հրադադարի խախտումներ և դա որոշակի պայմանավորվածությունների արդյունք է:
Դավիթ Տոնոյանը նաև հավելել է, որ գործում է Փաշինյան-Ալիև կապուղին, ինչպես նաև օպերատիվ կապ է հաստատվել նաև նախիջևանյան ուղղությամբ: