Հետաքրքիր առաջարկ. ի՞նչ պայմանավորվեցին աջ ղեկով մեքենաներ ներկրողներն ու նախարարությունը

Կողմերը փոխզիջման չեն եկել, բայց «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակիցները խոստանում են երկուշաբթի բոլորի համար ընդունելի առաջարկ ներկայացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Շուշանիկ Ներսեսյանը աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողների խնդիրը լուծելու համար փոխզիջումային տարբերակ է առաջարկել, բայց մեծամասնությունը դեմ է եղել այդ առաջարկին։

Ինչպես կարելի է աջ ղեկով ավտոմեքենաները բերել Հայաստան. նախարարի ակնարկը

Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի ունեցավ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանի,

Ճանապարհային ոստիկանության ու ՊԵԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը։

Ներսեսյանն առաջարկեց թույլ տալ Հայաստան ներմուծել արդեն իսկ գնված ավտոմեքենաները, մեր երկրում փոխել ղեկի տեղը և դրանից հետո շահագործել։

Վերջին տվյալներով` ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի տարանցման գոտում։ Ավտոմեքենաները չեն կարողանում Հայաստան բերել արգելքի պատճառով։

«Որպես տարբերակ առաջարկում ենք Վրաստանում ու տարանցիկ գոտում մնացած աջ ղեկով մեքենաները Հայաստան բերել, հաշվառել ու ղեկի տեղը փոխելուց հետո շահագործման հանձնել», — ասաց Ներսեսյանը։

Առաջարկությունը, սակայն, ոգևորությամբ չընդունվեց։ Հայաստանում մասնագիտացած ընկերություններ չկան, այդ պատճառով անհասկանալի է` ով ու ինչպես է պատասխանատվություն կրելու աշխատանքի որակի համար։

Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը նշեց, որ ղեկի տեղը փոխելն անվտանգ չէ։

Կողմերն այսօր էլ չկարողացան պայմանավորվել։ Քննարկումների հաջորդ փուլը կլինի հաջորդ երկուշաբթի։

«Առաջարկություններ հնչեցին, պայմանավորվեցինք երկուշաբթի հանդիպել», — հանդիպումից հետո լրագրողներին ասաց Փամբուխչյանը։

«Իշխանությունը մեզ խաբեց». «Ղեկը աջ» նախաձեռնությունը սպառնում է կաթվածահար անել Երևանը

Նա ընդգծեց, որ այս պահին աջակողմյան մեքենաների արգելքի չեղարկման հարցը չի քննարկվում։ Այժմ փակուղային իրավիճակից դուրս գալու ուղիներ են փնտրում։

Նախարարի պաշտոնակատարը կոչ արեց ակցիաներ չանցկացնել հայ-վրացական սահմանին, քանի որ «պետք է բողոքել ապօրինության, այլ ոչ թե օրենքի դեմ»։

«Աջ ղեկ» նախաձեռնության մասնակից, փորձագետ Արթուր Միսակյանն էլ նշեց, որ գոհ է հանդիպման արդյունքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ներկրողներն ու նախաձեռնության անդամները երկուշաբթի պատրաստվում են երկու կողմերի համար ընդունելի տարբերակ առաջարկել տրանսպորտի նախարարությանը։ Միսակյանն առաջարկի մանրամասները չհայտնեց։

Հիշեցնենք` Հայաստան աջ ղեկով մեքենաներ ներմուծելու արգելքը ուժի մեջ է մտել ապրիլի 1-ին։

ՀՀ տրանսպորտի նախարարությունը շարունակում է աննպատակահարմար համարել օրենքում արված փոփոխությունները, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի։