ՀՀ տրանսպորտի նախարարությունում որոշում են աջ ղեկով ավտոմեքենաների ճակատագիրը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում ընդլայնված ձևաչափով քննարկվում է աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումն արգելելու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով մեքենաներ ներկրողներն ու դրանց կողմնակիցները Հայաստանի իշխանություններին առաջարկում են թույլ տալ իրենց ներկրել Ճապոնիայում ձեռք բերված ավելի քան 2500 ավտոմեքենաները, որոնք այս պահին գտնվում են Վրաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև մինչև 2020 թվականը սառեցնել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքը։

Ինչպես կարելի է աջ ղեկով ավտոմեքենաները բերել Հայաստան. նախարարի ակնարկը

Այս մասին այսօր հայտնեց «Աջ ղեկ» նախաձեռնության մասնակից, փորձագետ Արթուր Միսակյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը, ինչպես նաև ՊԵԿ-ի և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները։

«Ավելի քան 2500 ավտոմեքենա ներկա պահին Վրաստանի տարբեր քաղաքներում են, մոտ 150 մեքենա` հայ-վրացական սահմանի տարանցման գոտում։ Եթե իշխանությունն այդ հարցը չկարողանա լուծել ժամանակին, ներկրողները ստիպված կլինեն այդ մեքենաները տարանցման գոտի տանել, ինչը կաթվածահար կանի սահմանն ու կարգելափակի այն», — ասաց Միսակյանը։

Նրա խոսքով` ավտոմեքենաների ընդհանուր թվի 75%-ը ՀՀ քաղաքացիները գնել են սեփական օգտագործման համար, իսկ 25%-ը` վաճառելու նպատակով։

Միսակյանը կրկին հիշեցրեց, որ ամեն ինչի մեղավորը նախկին իշխանությունն է, որը մեքենաների ներկրման մասին վերջնական որոշում էր կայացրել և այդ մասին չէր տեղեկացրել հանրությանը։

Աջ ղեկով մեքենաները ՀՀ ներկրելու հարցը չի լուծվում․ «Բագրատաշենին» «կաթված» է սպառնում

Հույս ունենալով, որ հոկտեմբերի 1-ից նոր կառավարությունը կչեղարկի օրենքը` ներկրողները օգոստոսին մի քանի հարյուր ավտոմեքենա են գնել Ճապոնիայից, որոնք փուլ առ փուլ հասնում են վրացական Փոթի նավահանգիստ։ Այժմ նրանք ստիպված են կա՛մ փոխել ղեկը Վրաստանի տարածքում և միայն դրանից հետո Հայաստան բերել, կա՛մ տրանսպորտային միջոցները թողնել հայ-վրացական սահմանի տարանցման գոտում։ Մի քանի օրից ներկրողները մտադիր են աջ ղեկով ավտոմեքենաների ավելի խոշոր խմբաքանակ ներկրել և մեքենաները թողնել տարանցման գոտում։ Դա կարող է կաթվածահար անել հսկիչ անցակետի աշխատանքը։

Նշենք, որ տարանցիկ համարներով ավտոմեքենաները հարևան երկրում կարող են մնալ ընդամենը 60 օր, նշված ժամկետի ավարտից հետո հայ վարորդները պետք է օրական 5 լարի տուգանք վճարեն (մոտ 1000 դրամ), և այդ դեպքում մեքենան կարող է Վրաստանի տարածքում մնալ ևս 30 օր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին և 24-ին ներկրողներն ի նշան բողոքի փակել էին «Բագրատաշեն» սահմանային հսկիչ անցակետը։

ՀՀ տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում արված փոփոխությունները, քանի որ 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ բոլոր երկրների համար արգելք է գործում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման համար։ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն`մինչև 2020 թվականը ԵԱՏՄ բոլոր երկրներում աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը պետք է արգելվի։