Լեհաստանում ձերբակալվել է թմրաբիզնեսով զբաղվող հայերի հանցախումբը. տեսանյութ

Վարշավայում ձերբակալված հայերի մոտ հայտնաբերվել է 750 գրամ կոկային։ Հայաստանի ոստիկանությունը մանրամասն տեղեկություններ է հրապարակել նրանց անօրինական բիզնեսի վերաբերյալ։
Sputnik

Կոկային ձեռք բերմամբ ու վաճառքով զբաղվող 44-ամյա Գարիկ Հարությունյանը, ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, կոկային է ներկրում Հայաստան Իսպանիայից։ Այդ նպատակով նա ստեղծել է հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով 23-ամյա Իշխան Դավթյանին և 35-ամյա Արմեն Աղաջանյանին։ Այս բացահայտումն արել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Նրանք նաև պարզել են, որ խումբը սեպտեմբերի 12-ին մեկնելու է Վարշավա, այնտեղից` Իսպանիա։ Այս տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվել է Լեհաստանի իրավապահներին։

Օրեր անց, երբ Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձել է Վարշավա, լեհ իրավապահներն օդանավակայանում ձերբակալել են նրանց և  ուղեբեռում հայտնաբերել 750 գրամ կոկային։

Հայ իրավապահները պարզել են նաև, որ հանցավոր խմբի Հայաստան ներկրած կոկային նրանցից գնում է Կարեն Ջանոյանը, որը ևս կալանավորվել է։

Կատարված խուզարկություններով Լեհաստանում կալանավորված  Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել են դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ և այլն։

Աշխատանքներ են տարվում Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնելու ուղղությամբ։