Անձրևները հեղեղել են Կրասնոդարի երկրամասը, կան զոհեր. տեսանյութ

Աղետի վնասները վերացնելու համար ներգրավել են ավելի քան 700 մարդու և 150 միավոր տեխնիկա։
Sputnik

Հորդառատ անձրևները հեղեղել են Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանը։ Աղետը երկու մարդու կյանք է խլել, երեքը տուժել են, մեկի ճակատագիրն անհայտ է։

Համացանցի օգտատերերը տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է` ինչպես են Տուապսեում ու մոտակա գյուղերում ջրահոսքերը ծով տանում մեքենաներն ու առևտրական տաղավարները։

Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ը հայտնում է, որ ջրի տակ են մնացել մի քանի երկաթուղային կայարաններ։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն արտակարգ իրավիճակ է հայտարարել տարածաշրջանում։ Հեղեղի գոտուց 160 մարդու են տարհանել։ Շրջանի ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակին հետևելու համար հատուկ շտաբ է ստեղծվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Տուապսեի շրջանի տարածքում մի քանի ժամվա ընթացքում տեղումները եղել են 116 մմ, ջրհեղեղի գոտում են հայտնվել 315 տուն (950 բնակիչ) և սոցիալական կարևորություն ունեցող 57 օբյեկտ։

Բացի այդ, վատ եղանակն ազդել է նաև գնացքների երթևեկության վրա. 18 ուղևորատար շարժակազմ կանգ են առել։