ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Ընտրությունների ժամանակ ստացած մանդատը թույլ կտա Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին գնալ վճռական քայլերի։ Այդ մասին Երևանում հրավիրված ասուլիսում ասաց ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը։
«Խոսեցինք դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրությունների և նաև այն մասին, որ այդ հարցի հետ կապված որոշ բաներ հետաձգվելու են։ Խոսեցինք հասարակության շրջանում անցկացված հարցումների մասին, որոնք ցույց են տալիս, որ առաջիկա ընտրություններում վարչապետը կստանա ուժեղ մանդատ։ Ես նրան հարցրի, թե որն է իր հաջողության գաղտնիքը, սակայն նա հրաժարվեց իր գաղտնիքն իմ առաջ բացել։ Գուցե ընտրություններից հետո բացի», — ասաց նա։
Եթե այդ ենթադրություններն իրագործվեն, ապա ընտրություններից հետո վարչապետը մանդատ կունենա վճռական քայլեր իրականացնելու համար։
Նա նշեց, որ հանդիպել է Հայաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Բոլտոնի համար պարզ է դարձել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա երկրի օրակարգի հիմնական հարցերից մեկը։
Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի դեկտեմբերի կեսին։ Գործող օրենսդրական մարմինը լուծարելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական է տվել։