Լաս Վեգաս չենք դառնա. ինչպե՞ս Հայաստանում «զսպել» բուքմեյքերներին

Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները աննպատակահարմար են գտնում իրենց գործունեության նկատմամբ կիրառվող արգելքն ու համոզված են, որ հասարակության համար ավելի վտանգավոր են տոտալիզատորներն ու խաղատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը չի կարող ամբողջությամբ հրաժարվել բուքմեյքերական գրասենյակներից, մյուս կողմից, իրենց գործունեությունը, միևնույնն է, չի օգնի Հայաստանը ո՛չ Լաս Վեգասի, ո՛չ էլ Մոնակոյի վերածել։

Հայաստանում «ղումարբազությունն» է խրախուսվում. ի՞նչն է աբսուրդ համարում Փաշինյանը

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Լուրն այն մասին, որ Հայաստանում մտադիր են արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը, հոկտեմբերի 24-ին խորհրդարանում հայտնեց ՀՀ  վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Միևնույն ժամանակ գործընթացը պետք է փուլ առ փուլ իրականացվի, քանի որ այդ ոլորտում կտրուկ ցնցումները կարող են անշարժ գույքի շուկայում գնանկման հանգեցնել, պարզաբանեց Փաշինյանը։

«Այդ ոլորտը բավական ակտիվ է, մեծ ներդրումներ է պահանջում։ Բուքմեյքերական գրասենյակներում արվող խաղադրույքներն են հենց դարձել այս տարի արձանագրված տնտեսական աճի երաշխիքը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարյանը։

Սակայն աճն այդ իրավիճակային է, փորձագետներից շատերը կապում են այն ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ, որը հենց այդ ժամանակահատվածում էր անցկացվում։

Հայաստանում տնտեսական աճն իրավիճակային է համարում նաև Մարգարյանը։ Նա համոզված է, որ երկարատև հեռանկարում բուքմեյքերական գրասենյակները չեն կարող մեծ եկամուտ ապահովել պետության համար, հատկապես հաշվի առնելով բոլոր այն բացասական գործոնները, որոնք կապված են նրանց գործունեության հետ։

«Դա երիտասարդության դեգրադացիայի, բարոյական արժեքների անկման է հանգեցնում։ Մարդիկ գրավ են դնում տները, ունեցվածքը, գործն ինքնասպանության է հասնում։ Հայաստանն իր 30%–անոց գործազրկության մակարդակով միևնույնն է չի կարող ո՛չ Լաս Վեգաս, ո՛չ էլ Մոնակո դառնալ», – ասաց Մարգարյանը։

Ներդրումների ծավալները կրճատվել են, գործարարները սպասում են կայունացման. փորձագետ

Բուքմեյքերական գրասենյակները իրենց բիզնեսն ազարտի, այսրոպեական գումարների վրա են կառուցում, իսկ դա ոչ այլ ինչ է, քան սովորական փուչիկ։  Նման շռայլություն մեր երկիրն իրեն թույլ տալ չի կարող, համոզված է փորձագետը։

Մյուս կողմից, Մարգարյանն իմաստ չի տեսնում նաև եկամտաբեր «տների» ամբողջական արգելքի մեջ։ Պետք է հաշվի առնել, որ Հայաստանում բավականին ունևոր քաղաքացիների շերտ կա, պետք չէ մոռանալ նաև զբոսաշրջիկների մասին, որոնք հոժարակամ վատնում են իրենց գումարները նման հաստատություններում։

Այդ խնդիրը Մարգարյանն առաջարկում է լուծել «հարկային» լծակների օգնությամբ։ Միայն այդպես կարելի է բուքմեյքերներին «զսպել», կարծում է փորձագետը։

GoodWin բուքմեյքերական գրասենյակի ներկայացուցիչ Արտակ Մկրտչյանը նույնպես կարծում է, որ արգելքը խնդիրը չի լուծի և, ընդհանուր առմամբ, դա սխալ քայլ է համարում։ Ավելին, խաղատներն ու տոտալիզատորները, ինչպես նաև մոլեխաղերի այլ տեսակները, որտեղ գործում է պատահականության, այլ ոչ թե պրագմատիկ հաշվարկի գործոնը, նա «մեծ չարիք» է անվանում։

«Բուքմեյքերական գրասենյակներում արվող խաղադրույքներն արդարացված են, այստեղ պատահականության վտանգն ու գործոնը նվազագույնի է հասցված։ Մարդը խաղադրույք է կատարում խաղադրույքն ընդունողից անկախ սեփական կանխատեսումների հիման վրա», – ասաց Մկրտչյանը։

Մկրտչյանը համոզված է՝ թղթախաղը, զառերը, ռուլետկան և այլն, մարդկային տրամաբանության օրենքներին չեն ենթարկվում՝ ի տարբերություն մարզական խաղադրույքների։

Նման հաստատությունների գործունեությունն ամբողջությամբ արգելելու դեմ որպես փաստարկ նա բերում է մարդու բնույթն ու մարդկության որոշ ներկայացուցիչների խառնվածքը։ Ըստ նրա՝ մոլի մարդուն խաղալուց հետ պահելն անհնար է։

«Մարդիկ հիմնականում բուքմեյքերական գրասենյակներ են գալիս անելանելիությունից, նրանից, որ չեն կարողանում աշխատանք գտնել։ Նրանք իրենց վերջին գումարներն այստեղ են վատնում` հույս ունենալով կրկնապատկել, եռապատկել գումարը», – ասաց Մկրտչյանը։

Թամազյան. «Մարդուն կարգելեն խաղատուն մտնել դատական վճռի դեպքում»

Յուրաքանչյուր բուքմեյքերական կետից գանձվող արտոնագրի վճարը կազմում է 75 հազար դրամ։ Ընկերությունն, ընդհանուր առմամբ, 142 կետ ունի երկրում, ամսական դրանց արտոնագրային վճարները 11 մլն դրամ են կազմում, ևս 1 մլն դրամ է կազմում առցանց տոտալիզատորի արտոնագրային վճարը։ Դրան գումարվում են սոցվճարները, գովազդի համար նախատեսված տուրքերը և այլն։

Գործող օրենսդրության համաձայն` բուքմեյքերական գրասենյակը խաղարկություն կազմակերպելու համար տարեկան 500 մլն դրամի չափով պետտուրք է վճարում։

Sputnik Արմենիան դիմել է այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար նաև այլ խոշոր բուքմեյքերական գրասենյակներ, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Մենք նաև հարցում է ուղարկել ՊԵԿ՝ հասկանալու համար, թե բուքմեյքերական գրասենյակների գործունեության հաշվին ամսական/տարեկան որքան գումար է մտնում պետբյուջե և որքան կետ է, ընդհանուր առմամբ, գործում երկրում 2018 թվականի տվյալներով։

Հիշեցնենք, որ Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը կարգավորվում է երկու օրենքներով` «Լիցենզավորման մասին» (ընդունվել է 2001 թվականին) և  «Վիճակախաղերի մասին» (ընդունվել է 2003 թվականին)։

Երկրում խաղադրույքների ընդունման ավելի քան 300 կետ է գործում, խաղադրույքներն օրինական են նաև համացանցի օգտատերերի համար։