Ինչպես կարելի է աջ ղեկով ավտոմեքենաները բերել Հայաստան. նախարարի ակնարկը

Աջ ղեկով մեքենաների ներկրումը վերջնականապես արգելել են հոկտեմբերի 1–ից։ Որոշման դեմ բողոքում են հատկապես մատակարարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի — Sputnik. Աջ ղեկով ավտոմեքենա չի կարելի ներկրել Հայաստան, և պետք է հետևել օրենքին։ Կառավարության նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Աջ ղեկով մեքենաները ՀՀ ներկրելու հարցը չի լուծվում․ «Բագրատաշենին» «կաթված» է սպառնում

Նա հիշեցրեց, որ մի ժամանակ ինքն էլ ակտիվիստների հետ կողմ է եղել աջ ղեկով մեքենաների ներկրմանը թույլտվություն տալուն։

«Բայց հիմա օրենք է ընդունվել։ Ինչպե՞ս այն շրջանցել, եթե գործող օրենք է», — հարցրեց Արշակյանը։

Նախարարը նշեց, որ օրենքի համաձայն` արգելված է աջ ղեկով ավտոմեքենաները որպես տրանսպորտային միջոց Հայաստան ներկրելը։

Այն հարցին, թե նա դրանով ինչ է ուզում ասել, նախարարը պատասխանեց. «Կարելի է ներկրել որպես պահեստամասեր»։

Այնուամենայնիվ, հիմա նա կարծում է, որ աջ ղեկով մեքենաներ վարել չի կարելի։ Ճանապարհները դրա համար նախատեսված չեն։

Հայաստան բերվող «դանդաղ գործարկման ռումբերը». աջ ղեկով մեքենաներ ներկրողները սպառնում են

«Օրինակ` եթե սովորական ղեկով մեքենան հարված է ստանում հետևից, հայտնվում է մայթին։ Իսկ եթե աջ ղեկով մեքենան է հարված ստանում, ապա այն կարող է դուրս գալ հանդիպակաց գոտի։ Բացի այդ, մեքենայի վրա լուսարձակներն այնպես են կարգավորված, որ լուսավորեն մայթի կողմը, այլ ոչ թե հանդիպակաց գոտու` թե՛ հետիոտներին, թե՛ նշանները տեսնելու համար։ Այսինքն, որպեսզի մեքենան համապատասխանի այդ պահանջներին, պետք է այդ ամենը փոխել։ Իսկ մենք դրա համար չունենք արտոնագրված մասնագետներ։ Ուստի ես չեմ կարող կոչ անել վարորդներին վերազինել իրենց մեքենաները», — ասաց Արշակյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին ներկրողները փակել էին «Բագրատաշեն» հսկիչ-անցակետը և բողոքում էին աջ ղեկով ավտոմեքենաների ներկրում արգելող օրենքից։

Հայաստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է ոչ նպատակահարմար համարել օրենքում շտկումներ կատարելը, քանի որ 2020թ-ի հունվարի 1-ից արգելք է սահմանվելու «աջ ղեկով» մեքենաներ ներկրելու վրա ԵԱՏՄ բոլոր երկրների համար։ Մաքսային միության «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն, մինչև 2020թ-ը ԵԱՏՄ բոլոր երկրներում պետք է արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը։