ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Փաշինյան

Փաշինյանը վստահեցրեց, որ սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավորներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կաշառքի փաստով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ փաշինյանը:

«100 տոկոսանոց ապացուցված գործ է, բայց մենք արդեն 2 ամիս մի պաշտոնական նամակի պատասխանի ենք սպասում: Որ օրը ստացվեց, նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու»,- ասաց Փաշինյանը:

Ձգձգումը, Փաշինյանի խոսքով, կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ:

«Երեք ամիս է` այդ թուղթը չի գալիս»,-ասաց նա:

Թե ով է ձգձգումների մեղավորը` ՀՀ դեսպանատունը, թե տվյալ երկրի իշխանությունը, Փաշինյանը չհստակեցրեց, բայց վստահեցրեց` ինչքան էլ ժամանակ ձգվի, այլընտրանք չկա, պատգամավորը կալանավորվելու է:

«Դա լինելու է երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է էլի խոշոր պաշտոնյաների հետևից»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նոր իշխանությունը մեկ միլիմետրի շեղում նույնիսկ թույլ չի տալու:

Հիշեցնենք` Ազգային ժողովում այսօր` հոկտեմբերի 24-ին, անցնում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով նիստը։ Սահմանադրության համաձայն` եթե այսօր ԱԺ-ն վարչապետ չընտրեի, մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: