Պատգամավորը Փաշինյանին կոչ է անում թույլ չտալ համասեռականներին երթ անցկացնել Երևանում

Պատգամավորը չի ուզում, որ հեղափոխություն լինի հայկական ավանդական ընտանիքների ավանդական բարքերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խնդրեց օրենքի սահմաններում արգելել համասեռականների ծրագրած երթի իրականացմանը: Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթում` տեղեկացնելով, որ Երևանում նոյեմբերի 15-18-ն անցկացվելու է նույնասեռականների համաժողով, որին հաջորդելու է նաև երթ մայրաքաղաքի փողոցներում:

«Այո, դուք շատ ճիշտ եք, մեր պետականության և ազգային անվտանգության համար սպառնալիք է տնտեսական և քաղաքական մենաշնորհը, բայց մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է»,- ասաց Պետրոսյանը` Փաշինյանին խնդրելով օրինական և թույլատրելի բոլոր միջոցներով ամեն ինչ անել ավանդական ընտանիքի պահպանման համար:

Պատգամավորը հայտարարեց, որ ինքը ողջունում է հեղափոխությունը, բայց հայկական ավանդական ընտանիքների ավանդական բարքերում երբեք չէր ցանկանա հեղափոխություն տեսնել:

«Հեռացե՛ք, համասեռամոլներ». Շուռնուխի դեպքի առնչությամբ Ոստիկանության պարզաբանումը

«Ինձ համար ավանդական ընտանիքից բարձր արժեք չկա»,- արձագանքելով պատգամավորի բարձրացրած հարցին` ասաց վարչապետի պաշտոնակատար և թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ համասեռականության խնդրին Հայաստանում պետք է հստակ դիրքորոշում ընդունվիև մի դեպք պատմեց։

«Վերջերս Փարիզում էի պաշտոնական այցով, սենյակում սուրճ պատվիրեցի, մի տղա սուրճը բերեց ասաց՝ վայ, բարեւ ձեզ պարոն վարչապետ: Պարզվեց հայ էր, Հայաստանի մարզկենտրոններից մեկի բնակիչ: Մարզի անունը չեմ ասում, որ տեղի ժողովուրդը չնեղանա: Ասացի՝ հեղափոխություն է եղել, ներգաղթի մասին չես մտածում: Ասաց՝ հազիվ եմ փախել Հայաստանից, հիմա այստեղ ապրում եմ ընկերոջս հետ, որը էլի մեր քաղաքից է: Ես սա ինչի՞ համար եմ ասում. Կարծում եմ, որ այս խնդիրը քննարկելիս բացի մեր վերաբերմունքը արտահայտելիս հասկանանք, սա մեզ համար խնդիր է, թե ոչ»,– ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ խորհրդային տարիներին նման մարդկանց քրեական օրենսգրքով դատում էին, եթե պարզվում էր, որ մարդն այդպիսին է, տանում էին, բանտ էին նստեցնում:

«Սա հարցի շատ կոնկրետ լուծում է և վերաբերմունք: Դրանից առաջ կախաղան էին բարձրացնում, գնդակահարում էին և այլն, և այլն,- ասաց Փաշինյանը, ապա խոստովանեց, — ինձ համար` որպես վարչապետ, ինչքան այդ թեման քիչ բարձրացվի, այնքան ավելի լավ: Որովհետև դա գլխացավանք է: Կեսը կասեն` սրանք բաների պաշտպան են, մի կեսը կասի` իրավունքների խախտող են և այլն»:

Բայց այսօր, Փաշինյանի խոսքով, մինչ խնդիրը քննարկելը հարկ է հասկանալ` այդ հարցը Հայաստանի համար պրոբլեմ է, թե ոչ, և ինչ տարբերակով պիտի լուծվի այն` քրեական օրենսգրքով, տանկերը հանելով, բոլորին գնդակահարելով, թե այդ մարդկանց իրավունքները պաշտպանելով:
Ամեն դեպքում, ըստ Փաշինյանի, որքան էլ չցանկանանք ընդունել, ստիպված ենք գիտակցել, որ նման մարդիկ Հայաստանում կան ու, ինչպես նշեց Փաշինյանը, կա՛մ պետք է որևէ լուծում գտնվի, կա՛մ «պիտի յոլա գնանք, մինչև տեսնենք` ինչ է լինում»: