ԱԺ-ն պատրաստվում է վարչապետի ընտրությանը. Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է

Փաշինյանը հընթացս պատասխանեց լրագրողների մի քանի հարցի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովում այսօր` հոկտեմբերի 24-ին, նախատեսված է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով ԱԺ է եկել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ մասնակցեց «Ելք» խմբակցության նիստին, որից հետո խմբակցության պատգամավորների ուղեկցությամբ բարձրացավ նիստերի դահլիճ: Մինչ դահլիճ հասնելը Փաշինյանը հընթացս պատասխանեց լրագրողների մի քանի հարցի:

Փաշինյանը մասնավորապես ասաց, որ չի կասկածում, որ խորհրդարանն այսօր իրեն վարչապետի պաշտոնում չի ընտրելու:

ԱԺ-ի շենքի մոտ այսօր հնարավոր բողոքի ակցիայի մասին հարցին վարչապետի պաշտոնակատարն արձագանքեց. «ԱԺ-ն պիտի լինի այնպիսին, որ ժողովուրդն այն պաշարելու կարիք չունենա»:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Փաշինյանն ասաց` աբսուրդ է, որ ժողովուրդն ԱԺ դահլիճում առնվազն մեծամասնությամբ ներկայացված չլինի:

Հանրապետականները Փաշինյանի հետ առևտուր են անելու մինչև վերջ. քաղտեխնոլոգ

ԱԺ «Ելք» խմբակցությունն երեկ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Փաշինյանը միակ առաջադրված թեկնածուն է: «Ելքը» միաժամանակ նաև կոչ է արել չընտրել Փաշինյանին: Երեկ քննարկված օրակարգային հարցերի քվեարկություններից հետո կմեկնարկի ԱԺ հատուկ նիստը` ՀՀ վարչապետի ընտրության հացով:

Հիշեցնենք` Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Սահմանադրության համաձայն` եթե այսօր ԱԺ-ն վարչապետ չընտրեի, մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: