Ի՞նչ ուղղաթիռներ է գնել Ադրբեջանը. մեկնաբանում է ՀՀ ԱԳՆ–ն

Ադրբեջանի գնած ամերիկյան ուղղաթիռները քաղաքացիական նշանակություն ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Հայկական կողմին վստահեցրել են, որ ամերիկյան ուղղաթիռները ձեռք են բերում քաղաքացիական նպատակներին ծառայեցնելու համար, այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Ավելի վաղ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանն ամերիկյան MD-530F տեսակի ուղղաթիռներ է գնել։

«Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական նշանակության ուղղաթիռներ են արտակարգ իրավիճակներում կիրառելու համար և ռազմական կիրառում ունենալ չեն կարող։ Դա վերաբերում է նաև երրորդ երկրների միջոցով գնումներին», — ասաց Նաղդալյանը։

MD 530F-ը բազմանպատակային ուղղաթիռ է, որը ստեղծել է McDonnell Douglas Helicopter ամերիկյան ընկերությունը։ Ուղղաթիռը McDonnell Douglas Model 500 թեթև բազմանպատակային մեկ շարժիչ ունեցող ուղղաթիռների ընտանիքի կատարելագործած տարբերակն է։

Ադրբեջանը մտադիր է Ուկրաինայից Ան–178 ինքնաթիռներ գնել

Դեռ ամռանը Ադրբեջանը զորահանդեսներից մեկի ժամանակ ցուցադրել էր նաև Bell-412-ը (ոչ խորհրդային/ռուսական արտադրության առաջին ուղղաթիռները, որոնք գնել է)։

ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ձեռք բերված Bell-412 ուղղաթիռները արտադրված չեն եղել ԱՄՆ-ում։

Խնդիրն այն է, որ ԱՄՆ-ում օրենսդրական մակարդակով արգելված է հակամարտող երկրներին զենք մատակարարել։ Այս արգելքը գործում է նաև Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որը կառավարությանն արգելում է որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է Հայաստանի դեմ կիրառվել։