«Ծառուկյանն» ու «Ելքը» ստորագրություններ են հավաքում. ԸՕ–ի նախագիծը կարող է վերադառնալ ԱԺ

Խորհրդարանական 2 խմբակցությունները որոշել են հաջորդ շաբաթ ևս մեկ անգամ ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնել` երեկ խորհրդարանում չընդունված նախագիծը ևս մեկ անգամ քննարկելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն Ազգային ժողովում ստորագրահավաք են կազմակերպել հոկտեմբերի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու նպատակով։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀԿ-ն տապալեց արտահերթ ընտրությունները նոր օրենսգրքով անցկացնելու Փաշինյանի ծրագիրը

Նա նշեց, որ արտահերթի օրակարգում առաջարկվում է ընդգրկել երեկ խորհրդարանի արտահերթ նիստում չընդունված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին նախագիծը:

Զոհրաբյանը ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին կոչ արեց միանալ ստորագրահավաքին, իսկ երկուշաբթի մասնակցել օրինագծի քվեարկությանը։

«Նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորագրահավաքին»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 22-ին, ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում անհրաժեշտ քանակով ձայներ չստացավ: Որպես սահմանադրական օրենք` այն պետք է առնվազն 63 ձայն ստանար, բաց պատգամավորներից միայն 56-ը կողմ քվեարկեցին նախագծին:

ՀՀԿ անդամ պատգամավորներից 3-ը դեմ էին քվեարկել, մյուսները, ինչպես նախապես հայտարարվել էր, չմասնակցեցին քվեարկությանը:

Հիշեցնենք` ԱԺ-ում ներկա դրությամբ ՀՀԿ-ն ունի 40 մանդատ, ԲՀԿ-ն` 31, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, ՀՀԿ-ից առանձնացած պատգամավորները 18-ն են: