ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայկական ընկերությունները կարող են ալմաստներ գնել ռուսական ընկերությունների հետ հավասար պայմաններով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Գոխրանի» ղեկավար Անդրեյ Յուրինը։
Նա նշեց, որ անցած տարվանից Ռուսաստանը դադարել է կիրառել Հայաստանում վաճառվող ալմաստների արտահանման տուրքը, և հայկական ընկերությունները կարող էին դրանք ձեռք բերել ավելի ցածր գնով։
«Այսպիսով, մենք կարող ենք փաստել, որ փոխադարձ առևտրում վերացվել է ևս մի արգելք», — նշեց Յուրինը։
«Գոխրանը» (Թանկարժեք մետաղների ու քարերի պետական հիմնադրամի ձևավորման հարցերով պետական հաստատություն) կանոնավոր կերպով անցկացնում է աճուրդներ, որոնց կարող են մասնակցել նաև ոսկերչությամբ և ալմաստի մշակմամբ զբաղվող հայկական ընկերությունները։
«Այդ աճուրդներում նրանք կարող են գնելուց առաջ նախապես ուսումնասիրել ալմաստները։ Կարող են ընտրել` որ քարերն են իրենց համար նախընտրելի։ Վստահ եմ, որ դա կօգնի մեր հայ գործընկերներին», — հավելեց Յուրինը։
Նշենք, որ 2016-17թթ-ին Հայաստանից արտահանված ադամանդների ծավալը կազմել է տարեկան 100 միլիոն դոլար։ Երեսակվում են Ռուսաստանում, Հարավային Աֆրիկայում, Բելգիայում և այլ երկրներում գնվող ալմաստները։ Երեսակումից հետո դրանք վերաարտահանվում են։