Փաշինյանին ընտրելը խելագարության կանխավարկած է. ի՞նչ է լինելու խորհրդարանի վաղվա նիստում

Внеочередное заседание Национального Собрания Армении (7 июня 2018). Еревaн
Խորհրդարանական ուժերին դժվարին ընտրություն է սպասում` մերժե՞լ Փաշինյանին ու հավանություն տալ նրա առաջ քաշած քաղաքական օրակարգին, թե՞ ընտրել Փաշինյանին ու մերժել նրա գաղափարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀԿ խմբակցությունը վաղը` հոկտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանին ընտրելու փորձ չի անի: Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում` միաժամանակ հավելելով, որ եթե «Հանրապետականը» նման որոշում կայացնի, այդ պարագայում չի կարողանա անհրաժեշտ ձայներ հավաքել:

«Ես վստահ չեմ, որ կկարողանան անհրաժեշտ ձայներն ապահովել, ես դա համարում եմ ոչ խելամիտ քայլ, որովհետև դա խելագարության կանխավարկած է»,-ասաց նա` ավելացնելով, որ բոլորն էլ գիտեն, թե վարչապետի ընտրության ձևական գործընթացն արվում է միայն մի նպատակով, որ 2 անգամ վարչապետ չընտրվի, և խորհրդարանը ցրվի:

Депутат от фракции Елк Ален Симонян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции "Елк" Ален Симонян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ այդ ամենն արվում է, որպեսզի ԱԺ-ն լուծարվի իրավունքի ուժով և ոչ թե ուժի իրավունքով:

Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн
Интервью Армена Рустамяна после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн

«Երևի կամաց-կամաց հասկանում են, որ Սահմանադրության տառն ու ոգին պետք է հարգեն ու դրա համար ստիպված գնում են այս քայլին»,- մեկնաբանելով վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանին առաջադրելու «Ելքի» որոշումը, ասաց Ռուստամյանը:

Թե ինչպես կվարվի վաղվա ընտրությանը ՀՅԴ-ն, Ռուստամյանի խոսքով, խմբակցությունը դեռ որոշում չի կայացրել:

«Գոնե մի ուրիշին առաջադրեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը նորից կարող է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնել այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սև ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի` ինչ անի, որն է ճիշտ»,- ասաց նա:

Իսկ խմբակցության վերջնական որոշումը Ռուստամյանը խոստացավ հայտարարել վաղվա հատուկ նիստում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց` իրենց խմբակցությունը Փաշինյանի օգտին չի քվեարկի: «Ես կարծում եմ` դա ֆորմալ առաջադրում է: Բնականաբար, ինչպես «Ելքի» մեր գործընկերները, մենք էլ չենք քվեարկի և թույլ կտանք, որ վարչապետը երկու անգամ չընտրվի, խորհրդարանը լուծարվի, ու մենք գնանք խորհրդարանական արտահերթ ընտրության»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն հավատարիմ կմնա ստորագրած հուշագրին:

Հիշեցնենք` ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում այսօր առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Այս պահին Փաշինյանը միակ առաջադրված թեկնածուն է: «Ելքը» միաժամանակ նաև կոչ է արել չընտրել Փաշինյանին: Հիշեցնենք` վաղը` հոկտեմբերի 24-ին, Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի` ՀՀ վարչապետի ընտրության հարցով:

ԱԺ արտահերթ ընտրությունները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կկայանան դեկտեմբերի կեսին, եթե խորհրդարանը 2 անգամ անընդմեջ 2 շաբաթվա ընթացքում վարչապետ չընտրի: Այդ նպատակով Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական էր ներկայացրել: Վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը կգումարվի վաղը` հոկտեմբերի 24-ին: Նիստի ժամը դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Վաղվա հատուկ նիստում վարչապետ չընտրելու դեպքում Ազգային ժողովը-ը ևս մեկ նիստ կգումարի 7 օր անց, որից հետո օրենքի ուժով խորհրդարանը կցրվի և կնշանակվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: