Գագիկ Ծառուկյանը ոչ պատշաճ հագուստով էր եկել խորհրդարան. մանրամասները` Զոհրաբյանից

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման հարցով արտահերթ նիստի օրը Ծառուկյանը խորհրդարան եկել է, բայց նիստերի դահլիճ չի մտել: Թե ինչու, պարզաբանել է Նաիրա Զոհրաբյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստին «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում է եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե կուսակցության նախագահը չի մասնակցել կուսակցության կարևորած նախագծի քննարկմանն ու քվեարկությանը:

«Ծառուկյանը շենքում էր, ոչ պատշաճ հագուստով, ուստի իմաստ չկար մտնելու նիստերի դահլիճ, որովհետև այդտեղ մեկ ձայնի խնդիր էր»,- ասաց Զոհրաբյանը` անդրադառնալով Ծառուկյանի բացակայությանը:

Զոհրաբյանը նշեց, որ եթե այդ մեկ ձայնը վճռորոշ լիներ, Ծառուկյանը կմտներ ու կքվեարկեր` անկախ նրանից, թե ինչ էր հագին։

«Ես եմ եղել Ծառուկյանի հետ, ես եմ հորդորել, որ սպասենք, տեսնենք, եթե մեկ ձայնի խնդիր կա, պարոն Ծառուկյանը մտներ քվեարկելու»,- ասաց նա:

«Ծառուկյանն» ու «Ելքը» ստորագրություններ են հավաքում. ԸՕ–ի նախագիծը կարող է վերադառնալ ԱԺ

Ինչ վերաբերում է խմբակցության մյուս երկու անդամներին` Նապոլեոն Ազիզյանին ու Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Զոհրաբյանը հայտնեց, որ Նապոլեոն Ազիզյանը երեկ շատ վատառողջ է եղել ու գնացել է տուն, իսկ Վարդան Ղուկասյանը Գյումրիում է եղել ու քվեարկության ժամին Երևան չէր կարող հասնել:

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ երկուշաբթի օրը մեր բոլոր պատգամավորները ներկա կլինեն: Կփորձենք նաև այնպես անել` Հրանտ Մադաթյանը, որն այս օրերին Ղրիմում է, վերադառնա»,- ասաց Զոհրաբյանը:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավորը հայտնեց նաև, որ այս պահին արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնության տակ արդեն անհրաժեշտ 27 ստորագրությունները կան, բայց ստորագրահավաքը դեռ շարունակվում է: Դրան միացել են նաև երեկ պատգամավորական երդում տված ՀՀԿ խմբակցության նոր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը, հիշեցնենք, փոխարինել է նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Տաճատ Վարդապետյանը:

ՀՅԴ խմբակցությունը ստորագրահավաքին չի միացել` նախագծում իր ներկայացրած 3 առաջարկները չներառելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք` «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններն այսօր Ազգային ժողովում ստորագրահավաք են կազմակերպել հոկտեմբերի 29-ին խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու և երեկ չընդունված Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին նախագիծը ևս մեկ անգամ առաջին ընթերցմամբ քվեարկության դնելու նպատակով:

ՀՀԿ-ն տապալեց արտահերթ ընտրությունները նոր օրենսգրքով անցկացնելու Փաշինյանի ծրագիրը

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 22-ին, ՀՀ ընտրական օրենսգրքի և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում անհրաժեշտ քանակով ձայներ չստացավ: Որպես սահմանադրական օրենք` այն պետք է առնվազն 63 ձայն ստանար, բաց պատգամավորներից միայն 56-ը կողմ քվեարկեցին նախագծին:

ՀՀԿ անդամ պատգամավորներից 3-ը դեմ էին քվեարկել, մյուսները, ինչպես նախապես հայտարարվել էր, չմասնակցեցին քվեարկությանը:

Հիշեցնենք` ԱԺ-ում ներկա դրությամբ ՀՀԿ-ն ունի 40 մանդատ, ԲՀԿ-ն` 31, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7, ՀՀԿ-ից առանձնացած պատգամավորները 18-ն են: