Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր». ի՞նչ է ասել շվեյցարահայ գործարարը

ՀՀ նախագահը Նունե Սարգսյանի հետ շրջել է «Ֆրանկ Մյուլլերի» տարբեր մասնաբաժիններում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության գլխամասային ձեռնարկություն և հանդիպել ընկերության նախագահ, շվեյցարահայ հայտնի գործարար և բարերար Վարդան Սրմաքեշի հետ։

1 / 3
Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն
2 / 3
Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն
3 / 3
Արմեն Սարգսյանը կնոջ հետ այցելել է «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն

Նրա ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է «Ֆրանկ Մյուլլերի» տարբեր մասնաբաժիններում, եղել ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում, ծանոթացել ընկերության զարգացման հավակնոտ ծրագրերին:ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սարգսյանը բարձր է գնահատել Վարդան Սրմաքեշի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, մասնավորապես՝ նրա կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող ծրագրերը։

Շվեյցարահայ գործարարն իր հերթին ասել է, որ ինքն ու որդիները պատրաստ են տարբեր ծրագրերի միջոցով ընդլայնել իրենց մասնակցությունը Հայաստանի և Արցախի զարգացմանը:

Նշելով, որ արտասահմանյան այցերի ընթացքում իր պարտքն է համարում մշտապես խոսել ու պատմել Հայաստանի մասին, նախագահ Սարգսյանը գերխնդիր է դիտարկել Հայաստանը ներդրողների համար գրավիչ երկիր դարձնելը։ «Մենք պետք է կարողանանք կառուցել կայուն և կանխատեսելի երկիր, որտեղ հնարավոր է երկարաժամկետ ծրագրեր պլանավորել ու հաջողությամբ իրագործել»,-ընդգծել է Հանրապետության նախագահը։

Նա նաև կարևորել է սփյուռքի երիտասարդ սերնդի ակտիվ կապը հայրենիքի հետ, նրա ներգրավվածությունը Հայաստանի զարգացման ծրագրերին։