ԵԱՏՄ–ն մտադիր է դուրս գալ համաշխարհային շուկա` եվրոպական ճանաչելի բրենդերով. Սարգսյան

Տիգրան Սարգսյանը Երևանում խոսել է համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ-ն նպատակ ունի համաշխարհային շուկա դուրս գալ` եվրոպական ճանաչելի ու վստահելի բրենդերով։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառման պաշտոնական բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հայաստանում վերաձևումներն իրականացվում են ԵԱՏՄ գործակցության փաստը հաշվի առնելով. Փաշինյան

Նա հատկապես շեշտեց նման ծրագրերի հնարավորությունը ոսկերչության ու ՏՏ ոլորտում։ Համատեղ բրենդերի ստեղծման անհրաժեշտությունը, Տիգրան Սարգսյանի խոսքով, հնարավոր կլինի քննարկել երևանյան միջոցառման շրջանակում։

Սարգսյանը նշեց նաև, որ Եվրասիական շաբաթվա ընթացքում քննարկվելու են նաև այնպիսի համատեղ ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, աերոբուսների արտադրությունը` այդ ոլորտում առաջատար Արգենտինայի ու Բրազիլիայի հետ համատեղ։

Քննարկվելու են նաև ԵԱՏՄ օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը, առկա խնդիրները վերացնելու ուղիները։

«Կոլեգիայի անունից մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու անկեղծ հույս եմ տածում, որ ձեր բոլոր սպասումները կիրականանան»,- ավարտելով ելույթը`մաղթեց Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երևանում տեղի կունենա «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։ Համաժողովը մի հարթակում կմիավորի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների և Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային ղեկավարներին, պետական կորպորացիաների և առաջատար բիզնեսի ղեկավարներին:

«Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում կանցկացվեն ինտերակտիվ հարցումներ, շնորհանդեսներ, գործնական բանակցություններ, կրթական նստաշրջաններ և գործարարների համար բիզնես-դասընթացներ: Համաժողովի կարևոր իրադարձությունը կլինի ԵԱՏՄ-ի արտահանման և կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետևյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն և ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական արդյունաբերություն, դեղագործություն: