ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ազատ առևտրի գոտու մասին կնքված ժամանակավոր համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև չի կարող դրական տնտեսական ազդեցություն չունենալ։ Այս մասին հայտարարեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Երևանում «Եվրասիական շաբաթ 2018» տնտեսական համաժողովի բացման ժամանակ։
Այդ համաձայնագիրը նոր հեռանկարներ է բացում ԵԱՏՄ բիզնեսների համար։ Բացվում է ահռելի շուկա՝ սպառման բարձր մակարդակ ունեցող 80-միլիոնանոց բնակչությամբ։
«Եթե ճիշտ մոդելավորվի բիզնեսը, ապա, հաշվի առնելով Հայաստանի առավելությունների ռեժիմը ԵՄ երկրների, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի հետ, կարելի է հսկայական արդյունք ստանալ։ ԵԱՏՄ երկրների բիզնեսը պետք է ուսումնասիրի այդ հարցը և օգտագործի առևտրային միջնորդության ձևով, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման համար», — հայտարարեց նա։
Գրիգորյանը հիշեցրեց, որ հայ-իրանական սահմանին գործում է ազատ տնտեսական գոտի, որը նաև ենթադրում է որոշակի տնտեսական շահաբաժինների ձեռքբերում։ Նա կարծում է, որ վավերացման գործընթացի ավարտից հետո կսկսվեն որոշակի առևտրային գործընթացներ, և ռեժիմային առավելություններից առաջինը կսկսեն օգտվել հենց հայկական ձեռնարկությունները։ Նա վստահ է, որ միության գործարար հանրությունները նույնպես կսկսեն աստիճանաբար ներքաշվել գործընթացի մեջ։
«Ե՛վ արտահանման, և՛ ներդրումային ներուժը մեծ է, պետք է անպայման հաշվի առնել նաև կոմբինացված հնարավորությունները։ Հիմնական արդյունք պետք է ստանալ ոչ թե երկկողմ հարաբերություններից, այլ նաև ԵԱՏՄ-ի, Իրանի և ԵՄ-ի միջև կոմբինացված փոխգործակցությունից», — եզրափակեց նա։
ԵԱՏՄ-ն և Իրանը ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել երեք տարով, ըստ որի` ԵԱՏՄ-ն և Իրանը կնվազեցնեն մաքսատուրքերը և կվերացնեն արգելքները մի քանի հարյուր ապրանքի համար։ Ընդհանուր առմամբ երկու կողմերից առկա է մոտ 850 անուն ապրանք։
Պետք է նշել, որ ԵԱՏՄ երկրներից Իրանի հետ առավել ակտիվ համագործակցում է հենց Հայաստանը։ Հանրապետության արտաքին առևտրում Իրանի մասնաբաժինը կազմում է ավելի քան 4 տոկոս, իսկ Ղազախստանում` մոտ 0,7 տոկոս, Ռուսաստանում` մոտ 0,5 տոկոս։