Առևտրային ցանցերը հաճախ լկտիի պես են պահում իրենց․ Դիստրիբյուտորների ասոցիացիա կստեղծվի

Փոքր և միջին բիզնեսը կկարողանա իր շահերը պաշտպանել խոշոր առևտրային ցանցերի հետ հարաբերություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մինչև տարեվերջ կստեղծվի Դիստրիբյուտորների ասոցիացիա, երկուշաբթի ասաց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ԱՊՀ ուղղության ղեկավար Կարեն Իվանովը Երևանում «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում։

«Փոքր և միջին բիզնեսն առևտրային ցանցերի հետ ինչ-որ կերպ «պատերազմելու» հնարավորություն չունի, որոնք հաճախ լկտիի պես են պահում իրենց։ Կան լավ արտադրողների շատ օրինակներ (որակյալ ապրանք, նորմալ գին), որոնք ուղղակի չեն կարողացել պայմանավորվել։ Ապրանքը չի հայտնվել վաճառասեղաններին շատ սուբյեկտիվ պատճառներով», — ասաց Իվանովը

Ուստի որոշում է կայացվել ստեղծել Հայաստանի Դիստրիբյուտորների ասոցիացիա, որի գլխավոր խնդիրը կլինի ցանցերի հետ արտադրողների և դիստրիբյուտորների հարաբերությունների կարգավորումը։

Նրա խոսքով՝ արտասահմանում կան նման ասոցիացիաների օրինակեր, որոնք դիստրիբյուտորների համախմբման օգնությամբ լուծում են խնդիրները ցանցերի հետ, եթե նրանք թելադրում են անարդար պայմաններ։

Ուզում ենք պարզել` հայկական ընկերությունները խոչընդոտների բախվո՞ւմ են ՌԴ–ում. Շաբոյան

«Ասոցիացիան կստեղծվի մինչև տարեվերջ», — ասաց Իվանովը։

Այն կաշխատի ոչ միայն ներքին շուկայի հետ, այլ նաև կաջակցի այլ երկրների արտադրողներին, որոնք կգան Հայաստան։

Երևանում լայնածավալ համաժողովն ունի մոտ 2,5 հազար մասնակից ավելի քան 25 երկրից։ Համաժողովի շրջանակում Երևան են ժամանել ավելի քան 120 ընկերություն։ Sputnik Արմենիան «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի տեղեկատվական հովանավորն է։