Մարիամ Ասլամազյանի երկարակեցության գաղտնիքը. ի՞նչ է լինում, երբ «հայտնվում է» կնոջ ձեռքը

Երբ ուզում ես մի նկարչուհու անուն տալ, որը հայկական և խորհրդային գեղանկարչության մեջ տեղ է ունեցել Սարյանի կողքին, ապա, թող չնեղանան մյուսները, իսկույն հիշում ես Մարիամ Ասլամազյանին։
Sputnik

Մարիամ Ասլամազյանն ապրել է 99 տարի, և այդ տարիները լցված են եղել անվերջ ճանապարհորդություններով, հետաքրքիր հանդիպումներով, ամբողջ աշխարհի թանգարանների տասնյակ հավաքածուներում ներկայացված հարյուրավոր կտավներով։

Ինչպես Ասլամազյան քույրերը «խաբեցին» սովետին ու Հայաստան բերեցին Ինդիրա Գանդիին

Մարիամ Ասլամազյանը ծնվել է Ռուսական կայսրության Կարսի գավառի Բաշ-Շիրակ գյուղում 1907թ-ի հոկտեմբերի 20-ին։ Դա Ալեքսանդրապոլ-Գյումրու մոտ է, և ոչ մի տարօրինակ բան չկա, որ աղջիկը հենց այնտեղ է գնացել սովորելու։ Հայտնի ինժեների՝ ջրաղացներ կառուցողի աղջիկը հորից ժառանգել է ոչ թե ճշգրիտ գիտությունների նկատմամբ սերը, այլ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը։

Նրա հակվածությունը (և քրոջ՝ Երանուհու) կերպարվեստի նկատմամբ ակնհայտ էր, և 1929թ-ին Մարիամը սովորելու համար մեկնել է Երևան՝ գեղարվեստական-արդյունաբերական տեխնիկում։ Թեև կարող էր չմեկնել․ նա 17 տարեկան էր, երբ հիվանդացել է մալարիայի վտանգավոր տեսակով, և նրա կյանքին լուրջ վտանգ է սպառնացել։ Հաղթահարել է հիվանդությունը և պարգևատրվել նրանով, որ ապրել է 99 տարի։

Հավանաբար ավելի հեշտ է նշել երկիրը, որտեղ չի եղել Մարիամ Ասլամազյանը, քան թվարկել այն երկրների շարքը, որտեղ նա եղել է և նկարել իր կտավները։ Մադագասկարում նրան համոզել են ամուսնանալ տեղի միակ հայի հետ, Հնդկաստանում նա դարձել է յուրային, Չինաստանը և Ճապոնիան հմայել են, նվիրել սյուժեներ նկարների շարքի համար, իսկ նույնիսկ 20-րդ դարի կեսերին առեղծվածային Փղոսկրի Ափը դյութել է տեղի ցեղերի դիմակների բազմազանությամբ և սևամորթ կանանց նրբագեղ կեցվածքով, որոնք նման էին հղկված սև փայտից արձանիկների։

20 տարի անց. Ասլամազյանական արևոտ գույները ցուցադրվում են Մոսկվայում

Ի դեպ, այդ քանակի ճանապարհորդությունները բացառիկ են խորհրդային նկարչի համար։ Երկրից դուրս են թողել մեծ դժվարությամբ, նվազագույն թյուրիմացության պատճառով մարդը կարող էր այլևս դուրս չգալ երկրից, իսկ այստեղ՝ 60-ից ավելի երկիր։

Բայց Հայաստանը, իհարկե, առաջին հերթին։ Նա հասկացել է, որ Սարյանը չի չափազանցնում, այլ իրական գույներով է նկարում Հայաստանը։

«Սարյանի կտավներում աշխարհի գեղեցկության կենդանի զգացողություն կա։ Ես շրջել եմ ամբողջ Հայաստանում և տեսել` Սարյանը շատ իրավացի է, որ մեր երկիրն այդքան վառ ու գեղեցիկ է պատկերում։ Ես նույնկերպ եմ տեսնում այն։ Ես դա սովորել եմ Սարյանից», — ասել է Մարիամ Ասլամազյանը։

Նա ամենից շատ և ամենից լավ նկարել է նատյուրմորտներ և մարդկանց։ Հատկապես կանանց կերպարները գրավիչ են եղել Մարիամի համար։ «Ես շատ եմ նկարում կանանց։ Կարծում եմ, որ այն ամենը, ինչին դիպչում է կինը, դառնում է վեհ ու գրավիչ», — մի անգամ ասել է նա։

Ասլամազյան քույրերի ստեղծագործական կյանքն անցել է միմյանց հետ անվերջ մրցակցության մեջ, որը ոչ մի կերպ չի արտացոլվել նրանց փոխհարաբերություններում, իսկ արվեստի առումով այդ վեճը հիանալի խթան է դարձել, որը թույլ չի տվել թուլանալ և ստիպել է անընդհատ աշխատել սեփական անձի վրա։

Քույրերը թանգարան ունեն Գյումրիում՝ Աբովյան փողոցում։ Այդ թանգարանին նա նվիրել է մոտ հարյուր կտավ դեռ 1980-ական թթ-ին։

Մինչև կյանքի վերջին օրերը նա պարտադիր հայտնվել է ցուցահանդեսներում՝ ձեռնափայտով, բայց ուղիղ և վայելչակազմ, անպայման գեղեցիկ հագնված և անհավանական գեղեցիկ, հին զարդերով։

«Ես ուզում եմ ապրել, դրա համար էլ այդքան երկար եմ ապրում», — երկարակեցության իր պարզ գաղտնիքը բացահայտել է Մարիամ Ասլամազյանը։

Նա կյանքից հեռացել է բառացիորեն վրձինը ձեռքին։ Մնացել են նկարները՝ հնչեղ, հագեցած գույնով և լիրիկայով, կենսաբեր արևի շլացուցիչ լույսով։