Հայ խոհարարները չեն թողնում, որ Գյումրիում ծառայող ռուս զինվորները կարոտեն տնական ճաշերը

Ռուս զինվորները հաճույքով են ուտում հայ խոհարարների պատրաստած ճաշատեսակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Հոկտեմբերի 20-ին ամբողջ աշխարհում խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը: Օրը թեև տոնական էր, բայց սովորական օրերից ոչնչով չէր տարբերվում 102-րդ ռազմաբազայի խոհարարների համար: Միմյանց շնորհավորելուց հետո Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի Սիվերսկի զորամասի խոհարարներն իրենց սովորական` 5-րոպեանոց խորհրդակցությունն անցկացրին, լսեցին տեխնոլոգի և ճաշարանի պատասխանատուի ցուցումները՝ օրվա ճաշատեսակների հետ կապված, ապա անմիջապես անցան աշխատանքի:

День повара в 102-й военной базе, Гюмри

Խոհարարներն իրենք էին որոշել զինվորներին ավելի ուրախացնելու համար ազգային՝ ռուսական կերակուրներ պատրաստել. այն, ինչ նրանք ավելի են նախընտրում (թեև ռուսական, սլավոնական ճաշատեսակի օրեր պարբերաբար կազմակերպում են Գյումրիում, և հեռավոր Հայաստանում ծառայություն անցնող զինվորները չեն հասցնում կարոտել իրենց մայրերի պատրաստած ճաշատեսակները): Ինչպես միշտ, այս անգամ ևս ճաշացանկում 2 առաջին, 3 խավարտ, 3 մսային ճաշատեսակ և սալաթի 2 տեսակ կար:

Ի դեպ, 2017 թվականից ռուսական ռազմաբազայի սննդամթերքի ապահովման և պատրաստման գործառույթն իրականացնում է «Պոտենցիալ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը:

«Ունենք 200 աշխատող, որոնք զբաղվում են ռազմաբազայի սննդամթերքի ապահովմամբ և պատրաստմամբ: Ոչ միայն խոհարարներն են տեղացի, այլ նաև սննդամթերքն է տեղական արտադրության: Մթերքները ընդունվում է ՌԴ ԶՈւ չափորոշիչներով ու նորմերով»,- Sputnik Արմենիային նշեց ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վահե Աբելյանը:

Խոհանոցում մաքրությանն ու տեխնիկական նորմերի պահպանմանը հետևում է արտադրամասի պետ Լիլիթ Հովսեփյանը և վստահեցնում՝ այստեղ` զորամասում, ամեն ինչ պատրաստվում է սիրով ու տնական:

День повара в 102-й военной базе, Гюмри

«Տանը պատրաստում եմ, բայց երբեմն տանը նույնկերպ կանոններին չեմ հետևում, ինչպես այստեղ: Ռազմաբազայի խոհանոցում արդեն 6-րդ տարի եմ աշխատում, իմ գործը շատ եմ սիրում ու սիրով եմ անում, եթե սիրով չանենք, ճաշերը համեղ չեն ստացվի»,- ասաց Հովսեփյանը` նշելով, որ ամենից շատ սիրում է «տնական սոլյանկա» պատրաստել, ինչը զինվորները շատ են սիրում:

1 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
2 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
3 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
4 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
5 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
6 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
7 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
8 / 9
Հայ խոհարարները ռուսական 102-րդ ռազմակայանում
9 / 9
Ռուսական 102-րդ ռազմակայանում

ՌԴ Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքից Գյումրի եկած կրտսեր սերժանտ Անդրեյ Սալիկովն էլ վստահեցրեց՝ Հայաստանում չի հասցրել կարոտել ռուսական խոհանոցն ու ճաշատեսակները:

«Այստեղ շատ համեղ են պատրաստում, միշտ թարմ ու մի քանի տեսականի: Տնավարի են պատրաստում: Շատ եմ սիրում սոլյանկան: Խոհանոցում շատ լավ ու բարեհամբույր մարդիկ են աշխատում»,- ասաց Անդրեյը՝ իր ու ընկերների անունից շնորհավորելով խոհարարներին մասնագիտական տոնի առթիվ:

Խոհարարի միջազգային տոնը սահմանվել է 2004թ-ին Խոհարարական ընկերությունների համաշխարհային միության նախաձեռնությամբ։ Խոհարարի միջազգային տոնը (International Chefs Day) նշում են աշխարհի ավելի քան 70 երկրում։